Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ արտասահմանցի տղամարդու են դանակահարել՝ ականջօղ կրելու պատճառով

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է արտասահմանցի մի տղամարդու վրա: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը, հարձակում իրականացնողը ձերբակալվել է:

Հաղորդվում է, որ դանակով վիրավորում ստացած անձը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Ականատեսների խոսքով՝ արտասահմանցին, որը զբոսնում էր քաղաքով, դանակի երկու հարված է ստացել, իսկ հարձակման պատճառն այն էր, որ ականջօղ էր կրում:

Վրաստանի ՆԳՆ-ն, հղում անելով ձերբակալված տղամարդու հարազատներին, հայտնել է, որ ավելի վաղ նրա մոտ հոգեբանական խնդիրներ են նկատվել: Նրան կարող է 7-15 տարվա ազատազրկում սպառնալ:

Բացի դրանից՝ հաղորդվում է, որ Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երթի դեմ հանդես եկող քաղաքացիները հանել են ԵՄ դրոշն ու խորհրդարանի շենքի դիմաց վրացական խաչ են տեղադրել:

Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել է «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են իրականացրել: Այսօր նախատեսվում էր նաև «Արժանապատվության երթ» անցկացնել, սակայն այն չեղարկվել է Վրաստանում բարձրացած բողոքի ալիքի պատճառով: