Ռուսաստանում ահաբեկչությունների շարք է կանխվել

Ռուսաստանի Դաշնությունում օրերս ահաբեկչությունների շարք է կանխվել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ահաբեկչություններ էին պատրաստում Մոսկվայում, Աստրախանում և Կաբարդա-Բալկարիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությանը:

Նշվում է, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում սպանվել է 6, ձերբակալվել՝ 2 ահաբեկիչ։

«Ռուսաստանի տարածքում կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից 2021 թվականի ամռանը պլանավորված ահաբեկչությունների շարք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վնասազերծվել է 6 և ձերբակալվել 2 հանցագործ», – ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ:

Մասնավորապես՝ Մոսկվայում խմբավորման անդամը նախատեսել էր մարդաշատ վայրում պայթյուն իրականացնել ինքնաշեն ռումբով. անցած հինգշաբթի նրան ձերբակալել են։