Եթե ժամանակին տեղեկատվական ռիսկերը նվազագույնին չհասցվեն, դրանց հետևանքները լինելու են ավելի ծանր. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ
Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերի արցախյան տիրույթում ամենաշատ քննարկված թեման թերևս մնում է ադրբեջանցիրների կողմից արցախցիների հեռախոսահամարներին զանգահարելու  հետ կապված միջադեպերը, որոնք՝ ըստ օգտատերերի, պարբերական բնույթ են ստանում վերջին շաբաթվա ընթացքում։

Միջադեպերի վերաբերյալ ԱՀ ԱԱԾ ից տեղեկացրել են, որ պետք է զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։ Ըստ ԱԱԾ ի, պետք է զերծ մնալ նաև ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է։

Թեմայի վերաբերյալ փորձագետները նշում էին, որ այդօրինակ քննարկումներն անընդհատ լինելու են և եթե ժամանակին տեղեկատվական ռիսկերը նվազագույնին չհասցվեն կամ չչեզոքացվեն, ապա դրանց հետևանքները լինելու են ավելի ծանր:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նմանօրինակ տեղեկություններ նույնպես տարածվել էին մամուլում, սակայն այդ ժամանակ ԱՀ ԱԱԾ ի կողմից այդ լուրերը հերքվել էին։

ՌԴ խաղաղապահների մասին
ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ խաղաղապահ զորակազմի ջանքերի շնորհիվ, 2020-ի նոյեմբերի 23-ից սկսած ականազերծվել է  ընդհանուր առմամբ 2,148 հա տարածք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհներ մաքրվել են չպայթած զինամթերքից, 1892 շենքեր ստուգվել են սակրավորների կողմից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթուցիկ օբյեկտ:

ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ  Ասկերանի շրջանի վարչակազմը ռուս խաղաղապահներին հրավիրել է դպրոցական ճամբար «Խաղաղապահի դաս» ուսուցողական ակցիան անցկացնելու համար։ Ըստ գերատեսչության՝ դասախոսության ընթացքում ռուսաստանի խաղաղապահները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների հիմնական խնդիրների և Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:

Պաշտոնական լրահոս
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը ԱԺ-ին ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, մասնավորապես, անդրադառնալով անվտանգային, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ հարցերի ու նախանշված անելիքներին:

ԱՀ  նախագահ Ա․ Հարությունյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Սրբուհի Արզումանյանին Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
ԱՀ  պետնախարար  Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց բնակարանին խնդրի լուծման ծրագիրը:

ՀՀ  Կառավարությունը  հուլիսի 1-ին կայացած նիստում, վերաբաշխում և փոփոխություններ է կատարել 2021 թ. Պետբյուջեում, ըստ որի ԱՀ կառավարությանը  հատկացրեց  8.7 մլրդ դրամ։
Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացրել են, որ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:

ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրել են, որ ԱՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2021թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 552,8 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Հուլիսի 3-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։

ԼՂ հակամարտության մասին
ԱՄՆ  Հայ դատի հանձնախումբը հայտարարել է,  որ Նյու Ջերսիի Սենատը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձեւը, որի նախաձեռնողը նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանան է։   Այսպիսով՝ ԱՄՆ արդեն 10 նահանգ ճանաչել է Արցախը։

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ԼՂ  հարցը:

Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է 2020 թ  նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի՝ ԼՂ  հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն՝ հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ։

ՌԴ ԱԳՆ ղեկավար  Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ թեմաների, քննարկել է փախստականների՝ ԼՂ  վերադարձի հարցը»: