Ադրբեջանը 1 մլրդ 75 մլն մանաթ է տրամադրելու Արցախից գրավված տարածքների վերականգնման համար․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել և հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում  Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ 

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Մի շարք նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը չի արձագանքում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու իրենց հայտարարություններին։ Ըստ նրա՝ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է բանակցություններ սկսի սահմանազատման հարցի շուրջ:

Չեռնոգորիայի դեսպանին ընդունելու ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման համար:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե հունիսի 15-ին Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում ինքը առաջին հերթին կուղևորվի Վարանդա (Ֆիզուլի), ապա Ալիևի հետ կգնա Շուշի: Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կստորագրվի համապարփակ համաձայնագիր։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ֆրանսիական L’Opinion թերթում տպագրած հոդվածում, նշել է, թե Անկարան և Փարիզը կարող են համատեղ հանդես գալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության աջակցման օգտին, որը բարգավաճում կբերի Ադրբեջանին և Հայաստանին: Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը պատրաստ է վերսկսել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել, սակայն հայկական կողմի հակազդման գործողություններից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։

Լաչինի շրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանի տեղամասում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հունիսի 8-ին գերեվարել են հայ զինծառայողի։ Մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված զինծառայողը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին:

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է։

Շաբաթվա ընթացքում Պակիստանում կայացել է Ադրբեջանի ու Պակիստանի ՌԾՈւ-ի հրամանատարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Իսլամաբադը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների ականազերծմանն ու իրականացվելիք վերականգնման աշխատանքներին:
Շաբաթվա ընթացքում «Նախիջևանի կայազորի զորքերի 2021 ուսումնական տարվա համակարգման պլանի» համաձայն՝ հերթական հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել: Ադրբեջանական ՊՆ-ի հաղորդմամբ՝ Արցախից գրավված տարածքներում զինծառայողների օգտագործմանն է հանձնվել մոդուլային տիպի շուրջ 60 կացարան:

Թուրքիայի արտահանողների խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թ-ի հունվար-մայիս ամիսներին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 135 միլիոն 889 հազար դոլարի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ արտահանումը դեպի Ադրբեջան աճել է 15 անգամ:
ԱՄՆ Սենատի Արտաքին գործերի կոմիտեի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի քննարկել Ղարաբաղի շուրջ շարունակվող լարվածության լույսի ներքո Բաքվին տրամադրվող ռազմական օգնության տրամադրման իրագործելիության հարցը:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը այցելել է Կովսականի (Զանգելանի) շրջան, որտեղ դեսպանը «Խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում խոսել է իսրայելական տեխնոլոգիաների կիրառմամբ կաթի արտադրության ձեռնարկություն ստեղծելու մասին։ Ըստ դեսպանի՝ այդ արտադրանքը կմատակարարվի մոտակա իտալական գործարան, որն էլ պանիր և այլ կաթնամթերք կարտադրի։

Ադրբեջանում Իտալիայի նորանշանակ դեսպան Կլաուդիո Թաֆուրին հայտարարել է, թե Իտալիան ակտիվորեն ներգրավված է Ղարաբաղի տարածքների վերականգնման աշխատանքների մեջ և այդ գործունեությունը ապագայում կշարունակվի արագացված տեմպերով:

Բելառուսի գյուղատնտեսության ու սննդի նախարար Իվան Կրուպենկոն նշել է, թե Բելառուսն ընդլայնում է ագրարային ոլորտում Ադրբեջանի ու Տաջիկստանի հետ համագործակցությունը։ Նշենք, որ Բելառուսը պատրաստվում է Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաքներ կառուցել:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը Բաքվու այցելած ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերի հետ քննարկել է Ադրբեջանի տնտեսությունում ամերիկյան ընկերությունների ներդրումների, ինչպես նաև Ղարաբաղի վերականգնման խնդրում  նրանց մասնակցության հարցերը:

Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացման խորհրդաժողովում տեսակոնֆերանսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չինական ընկերությունները ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի կողմից գրավված տարածքների վերականգնմանը:

Ադրբեջանը հունիսի 13-ին նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ղեկավարությամբ կազմակերպել է արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչների ուղևորությունն Ակնա (Աղդամ)։ Այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Ակնայի «Խելացի գյուղ» և «Խելացի քաղաք» նախագծերին:

Ակնա այցելած Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին հայտարարել է, թե ուկրաինական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերականգնման գործընթացին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ շարունակվում է Ահմեդբեյլի -Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ մայրուղու շինարարությունը, որը Հաջիգաբուլ-Հորադիզ-Աղենդ-Զանգեզուր մայրուղու մի մասն է և կարևոր է Կովսականը (Զանգելանը) Ադրբեջանի այլ շրջանների և Նախիջևանի հետ կապելու տեսանկյունից:

Միլլի Մեջլիսի նիստում ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ իրենք խնայել են 1 միլիարդ 75 միլիոն մանաթ գումար, որը նախատեսում են տրամադրել Արցախից գրավված տարածքների վերականգնման համար։

Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ ԼՂ ում  արդեն սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Ընդ որում, նշվում է, թե հացահատիկի բարձր բերքատվությունը բավական բարձր է: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդել են, թե սկսվել է ոչխարաբուծական ու մեղվաբուծական տնտեսությունների տեղափոխումը Քարվաճառի շրջան:
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, թե Շուշիում վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Նշվել է, որ այնտեղ բացվել է «Բրավո» խանութը։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Խորվաթիայի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, թե Խորվաթիան բարձր է գնահատում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի աջակցությունը և հուսով է, որ Հոնիական-Ադրիատիկ խողովակաշարը (Ionian Adriatic Pipeline, IAP) գազի նոր աղբյուր կդառնա Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի համար:

Նկատենք, որ ադրբեջանական գազը դեպի Հարավարևելյան Եվրոպայի երկրներ տեղափոխելու նպատակով IAP-ը՝ Հոնիական-Ադրիատիկ խողովակաշարը կարող է միացվել Տրանս-Ադրիատիկ գազատարին (TAP): 516 կիլոմետրանոց խողովակաշարը անցնելու է Ալբանիայով, Չոռնոգորիայով, Բոսնիա և Հերցեգովինայով և ավարտվելու է Խորվաթիայում:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին մեկնել է Բաքու։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե Նախիջևանը հնարավոր է զարգացնել Ադրբեջանի այլ մասերի հետ կապվելու, Թավրիզ-Նախիջևան երկաթուղին դեպի Երևան և Թբիլիսի վերակենդանացնելու, ինչպես նաև Նախիջևանից դեպի Կարս երկաթգիծ հիմնելու միջոցով։
Իրանցի նախարար նաև հայտնել է, որ Իրանը փորձում է ավարտել Ռաշտ-Աստարա մայրուղու շինարարությունը դեպի Բաքու, որի գործարկման դեպքում Աստարա-Բաքու ուղևորության տևողությունը նախատեսված 6 ժամից կդառնա 2 ժամ։ Այցի շրջանակներում Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր են ստորագրել:

Հուշագրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են ընդլայնել  երկաթուղային տարանցման ոլորտում համագործակցությունը՝ փոխադրումների ծավալը հասցնելով տարեկան 2 մլն տոննայի: Կողմերը համաձայնվել են, որ ադրբեջանա-իրանական սահմանին՝ Աստարաչայի վրայով, նոր կամուրջ կկառուցվի։ 4.7 միլիոն եվրո արժողությամբ այս նախագիծը նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում։

Թուրքմենստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բլոխինը հայտարարել է, թե Ռուսաստանը ողջունում է Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև Կասպից ծովում «Դոստլուգ» հանքավայրի համատեղ զարգացման մասին համաձայնագիրը: Ըստ նրա՝ հանքավայրի շահագործման նախագիծը կապ չունի Անդրկասպյան գազատարի հետ, և ռուսական «Лукойл» նավթային ընկերությունը բանակցում է Կասպից ծովի ադրբեջանական և թուրքմենական հատվածների սահմանին գտնվող «Դոստլուգ» նախագծին միանալու համար և ակնկալում է դառնալ այդ հանքավայրի շահագործողը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը RG.ru-ին տված հարցազրույցում,  անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցին, նշել է, թե Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները՝ Կենտրոնական Ասիայի երկրներ ու այնտեղից Հայաստան բեռների փոխադրման համար։

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, թե ուղղաթիռների սպասարկման ռուս-ադրբեջանական կենտրոնը ծրագրվում է բացել մինչև այս տարվա վերջը:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Բաքվում պահվող 26 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է դատարան։ Չեխիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների  կոմիտեն հունիսի 10-ին  բանաձև է ընդունել՝ կապված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին խոշտանգելու հետ: Բանաձևում նշված է, որ Ադրբեջանը պետք է կատարի ՄԻԵԴ-ի վճիռները։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվին և Երևանին կոչ է արել համագործակցություն հաստատել ականազերծման հարցերում՝ ներառյալ ականապատված դաշտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործում: Նա նշել է, որ իրենք հանդես են գալիս ռազմագերիների վերադարձի օգտին։

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկն այցելել է Ադրբեջանի ականազերծման գործակալություն, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղում ականազերծման խնդրում Իսրայելի հնարավոր աջակցության հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիան պատրաստվում է իր սակրավորներին ուղարկել Ադրբեջան ՝ Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին օգնելու նպատակով։

Բաքվու կատարած այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը Հայաստանին հորդորել է ականազերծման դաշտի բոլոր քարտեզները հանձնել Բաքվին։

Հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերիների` ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու դիմաց, որտեղ գրանցված է Աղդամի շրջանում 97,000 հակատանկային և հակահետևակային ականների գտնվելու վայրը: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի այս քայլը ողջունել են ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը, ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն։

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ:

Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Բաքվում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հայտարարել է, որ իրենց երկիրը պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործում։

Այնուհետև Ռիքերը այցելել է Երևան, որտեղ ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։
«Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում իր ելույթի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  հայտարարել է, թե այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովի շրջանակներում հայտարարել է, թե Հարավային Կովկասում ամուր խաղաղության հիմքեր են ստեղծվում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, թե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են:

Այլ թեմաներ

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի նիստերում պատգամավորները հակահայկական հայտարարություններով են հանդես եկել և նույնիսկ խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի լուծարման անհրաժեշտության մասին։ Հատկապես մեղադրանքներ են հնչել Ֆրանսիայի հասցեին, թե այդ երկիրը հանդես է գալիս Հայաստանի օգտին։