Սա պետություն է, խոմ գազանանոց չէ․․․

Ըստ մանկավարժական սովորական սկզբունքի, աշակերտ մը գիտելիքն լավ ըմբռնելու համար մասնավորէն ընդհանուր, ծանոթէն անծանոթ երթալու է։ Տասնութ օր պրոպագանդիստ աղջկան լսելով, չկրցի միտքս պահել «տեղական ինքնակառավարման» մեր ընտրելի թեկնածուին անունը։ Անունը Կարապետ էր, այդ գիտցի, բայց ոտքս սենյակէն դուրս դնելուն պէս կմոռնայի։ Ուստի որոշեցի միտքս պահել առաջ «կարապ» բառը, որ երկարավիզ թռչունի մը անուն է, որն իր մահվան ժամանակը կերգէ միայն ու կարապ, կարապ կրկնելով տուն գացի։ Ըսի «կարապն», որ միտս մնաց, վերջեն երկու տառն ալ կհիշեմ և իրար կպցնելով կդառնա մեր թեկնածուին անունը։ Գիշեր կարապի երկար վիզը բնավ բաց չթողի միտքէս ու քնացա։ Հաջորդ օր տասին, երբ աղջիկն հարցուց ինձի մեր ընտրելիին անունը, «կարապ» անունը մոռցեր էի, բայց երկար վիզն մտքիս մէջ էր․մտքիս մէջ բերի աշխարհի բոլոր երկար վիզ կենդանիները և տվի ընձուղտի անունն՝ որպէս ամէնէն ավելի երկար վիզ ունեցողի, հետևաբար և ամէնաճիշտ թեկնածուի անվան։ Բայց մոռցեր էի, որ ընձուղտն մեռնելիս չի երգեր։

Ասով ըսել կուզեմ, թէ մանկավարժական սկզբունքներն ալ կայուն բաներ չեն, երբեմն կհաջողվի, երբեմն՝ ոչ։

Ամէնէն հաստատունն այն կըլլա, երբ ինքն իր անունը աղէկ մը սովորի, ինքն պրոպագանդ մղէ իր մասին, ինքն ալ ընտրէ իրեն, որպէսզի կառավարությունն արժանավոր մարդիկ ունենա երկիրը կառավարող։ Թէ չէ թողնել ինձ նման անուշադիր ընտրողի հույսին չըլլար։ Ինչպէս տեսաք ես երկարավիզ կենդանի մը ընտրեցի, մէկ ուրիշը ավելի թույլ հիշողությամբ, ինչպէ՞ս գիտնանք երկարապոչ կենդանի մը չի ընտրեր։ Սա պետություն է, խոմ գազանանոց չէ․․․

Ոչ մէկ տեղ պետությունն այնքան ավելորդ և ինքնանպատակ չէ, ինչպէս մեզ մոտ։ Եթէ օր մը անյայտ կորսվի սա պետությունն, և ժողովուրդ հանեն փնտռելու, մարդիկ պիտի սաստիկ ամուր գոցէն աչքերնին բնավ չգտնելու համար։ Անգամ իրենց աչքերը կհանեն այդ նպատակով։

Լեռ Կամսար
1947թ․, «Չապրած օրեր»