Համաներում կհայտարարենք նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, ոչ թե, երբ կզգան մեր հաղթանակի հոտը․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները, կամ ձեր զավակներն իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի, կամ Սևանա լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի ևս մեկ հատվածի մասին պատմող հուշ»,–ասաց նա։

Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցներին, և գործընկերների հարգանքն ու վստահությունը։ «Այս պոպուլիստ և անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մեկ հարցում, որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում և դատապարտվենք դանդաղ մահվան»,–ասաց նա։

Նա նշեց, որ իրենց խնդիրը կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ «Չկա երկու բևեռ, այս դասն արդեն բոլորը պետք է սովորած լինեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ՝ իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր»,–ասաց նա։

Սերժ Սարգսյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց․ «Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը և իրենք էլ մեր հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,–ասաց նա։

Դիմելով, իր բնութագրմամբ, մոլորյալներին՝ նա նշեց․«Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը»,–ասաց նա։