Մուկուչյանը՝ ընտրական ծախսերի, խախտումների և երկրի «թիվ մեկ նկարիչը» լինելու մասին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց լրագրողների հարցերին։

Լարված ընտրություններ են սպասվում, ձեր վրա կարո՞ղ են լինել ճնշումներ, որովհետև պարբերաբար լինում են կարծիքներ, թե դուք երկրի թիվ մեկ նկարիչն եք՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Հանձնաժողովը բացառապես աշխատում է «Ընտրական օրենսգրքին» համապատասխան, բոլոր գործառույթներն իրականացվելու է այդ պահանջներով պայմանավորված: Մինչ օրս իրականացված բոլոր լիազորությունները լիարժեք տեղավորվում են ԸՕ կանոնակարգումների տիրույթում: Ինչ վերաբերում է քարոզարշավին, մենք եւս հանդես կգանք համապատասխան կոչով, կարևորում ենք, որ բացառապես պահպանվեն ԸՕ բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Հետևելու ենք ու օրենքի խախտումներին արձագանքը լինելու է շատ արագ: Մենք ևս կարծում ենք, որ քարոզարշավը պետք է անցկացվի բարեկրթության սահմաններում»:

Մուկուչյանը նաև նկատեց, որ երբևէ այսքան ուժերի մասնակցությամբ ընտրություններ չի հիշում, որ անցկացվել են: «26 ուժեր են ու յուրաքանչյուրի համար առանձին քվեաթերթիկ են տպելու՝ մոտավորապես 70 մլն հատ: Սա նշանակում է, որ միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսելու են մոտ 460 մլն դրամ: Եթե սրան գումարենք նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների մասնագետների աշխատավարձը, ահռելի միջոցներ են կազմում»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Մուկուչյանն ասաց, որ հանրաքվեի համար ձեռք բերված միջոցներ ունեն, դա կօգտագործեն այս ընտրությունների ժամանակ: