Ինչո՞ւ 8 ամսից ավելի չէիք լսում մասնագետներին

2021թ. մայիսի 26-ին Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում: Այն է՝ «հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի»: Եվ դա այն դեպքում, երբ արդեն կես տարուց ավել է, որ գործնականում բնակչությունն առանց այդ էլ այլևս բաց տարածքներում դիմակ չի կրում։ Ի՞նչ փոխվեց, որ ԱՆ-ը որոշեց հենց այս օրերին կատարել այդ փոփոխություները։ Ո՞ւմ շահերից է բխում դա։

Մոտ մեկ տարի է, որ Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնության անդամները տարբեր հարթակներում՝ հարցազրույցների ժամանակ, սոցիալական ցանցերում և այլուր, բազմիցս անդրադարձել են բացօթյա տարածքներում դիմակի պարտադիր կրելու պահանջի վերանայմանը, պնդելով որ՝

Դիմակների օգտագործումը բացօթյա տարածքներում գործնականում ազդեցություն չի թողնում կորոնավիրուսի համաճարակի վրա: Դեռ 2020թ․ սեպտեմբերի 7-ին Ալյանսը կոչով դիմել էր ՀՀ պատկան մարմիններին՝ չեղարկելու բացօթյա տարածքներում դիմակի պարտադիր կրելու պահանջը, այն հիմնավորմամբ, որ.

Միանշանակ, բացօթյա պայմաններում, երբ կա թարմ օդի մշտական հոսք, բավարար տարածություն մարդկանց միջև, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:

Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա խուսափել դիմակներից ձանձրանալուց, հոգնելուց, կնվազեցնի հակազդումը դիմակ կրելուն, կկանխի դիմակների համար արվող անիմաստ ծախսը։

Մանրամասները՝  https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/114668057034327

Սակայն, Կառավարության կողմից որևէ արձագանք ամիսներ շարունակ չկար։ Վերջապես, 8 ամիս հետո արձագանքեցին:

Իսկ ո՞վ է պատասխան տալու ամիսներ շարունակ․

  1. Մարդկանց մաքուր օդ շնչելու իրավունքից զրկելու և դրա պատճառով առողջությանը վնաս հասցնելու համար,
  2. Մարդկանց բռնության, սթրեսի ենթարկելու, նրանց նկատմամբ հսկայական ծավալի հասնող տուգանքներ կիրառելու համար,
  3. Վարչական ռեսուրսը չարաշահելու և դրա վրա պետական բյուջեից զգալի ֆինանսական միջոցներ ծախսելու համար,
  4. Ռեպրեսիվ մեթոդներ կիրառելով դիմակի և ընդհանուր կանխարգելման միջոցների նկատմամբ բնակչության բացասական վերաբերմունք ձևավորելու համար,

5․ Մասնագիտական կարծիքն արհամարհելու և անտեսելու համար:

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն