Ես մեռնում եմ… Բայց մենք կհաղթենք…

1918 թ. Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում

1918 թ. մայիսյան հերոսամարտերը մեր պատմության փառապանծ էջերից են: Սարդարապատով հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու, պետականություն ունենալու իր իրավունքը, Սարդարապատը դարձավ Հայոց առաջին Հանրապետության ձևավորման մեկնարկը, նոր՝ հաղթական պատմության էջը: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում կասեցնելով թուրքական բանակի առաջխաղացումը` հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը փրկեցին Արևելյան Հայաստանը վերջնական կործանումից:

Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:

Մայիսի 22-26-ը Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 23-27-ը պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24-28-ը՝ Ղարաքիլիսայում:

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:

1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմավորվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի «Փաստաթղթի» ֆոնդում պահվում են Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների հուշերը: Դրանք 10-ն են, որոնցում զետեղված նյութերն աչքի են ընկնում տեղեկությունների առատությամբ: Հուշերում առկա է մի ընդհանրություն, բոլոր մասնակիցներն էլ վերահաստատում են` 1918 թ. թուրքերը, վերագրավելով Արևմտյան Հայաստանը, ներխուժեցին Արևելյան Հայաստան:

Մայիսի 15-ին անակնկալ հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը, իսկ 21-ին` Սարդարապատը: Գաղթի ճանապարհին ամեն ինչ կորցրած, հուսալքված հայ ժողովուրդը կարողացավ, անուամենայնիվ, միաբանելով հաղթել ու ապրել: Թուրքական զավթիչների դեմ անձնուրաց պայքարի դուրս եկան Հայկական կորպուսի մարտիկները, աշխարհազորայինները, անգամ կանայք ու ծերունիները: Կարևոր ազդեցություն գործեցին նաև այն միտինգները, որոնք ինքնաբուխ ծագում էին Երևանում: Այստեղ ելույթ էին ունենում ոչ միայն Վանի հերոսական ինքնապաշտպանության, այլև այլ մարտերի մասնակիցներ: Նրանք կոչ էին անում` առանց տարիքը, զբաղմունքը հաշվի առնելու, կամավոր մեկնել ճակատ` հայրենիքը պաշտպանելու: Հայրենիքի պաշտպանությունը համաժողովրդական բնույթ էր կրում: Ոտքի էր կանգնել ողջ հայ ժողովուրդը: 

Դուք մարդ չեք, թափադիպացիք կռվում են, իսկ դուք չեք գնում օգնելու

Այս կենաց ու մահու կռվում իր արժանի տեղն ուներ նաև Թափադիպա (այժմ Հայկավան) գյուղի բնակչությունը, որի համախմբված և միասնական պայքարը առկա է Հայկազուն Եփրեմյանի հուշերում: Թուրքերի դեմ մղվող մարտերն ընթացել են Թափադիպայի և Սարդարապատի տարածքում: Թափադիպա գյուղի բնակիչ Հայկազունը եղբոր` Գնունու հետ, վաշտապետից թույլտվություն խնդրելով, այցելում է գյուղ` տեսակցելու հարազատներին: Մայիսի 19-ին նրանք հասնում են գյուղ, որտեղ տագնապ էր տիրում: Գյուղացիները, սայլերը լծած, պատրաստվում են հեռանալ: Եղբայրներին հաջողվում է կանխել գյուղացիների փախուստը, համախմբել նրանց և դիմագրավելու որոշում կայացնել: Ամենուր տարածվել էր թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը գրավելու և Արարատյան դաշտ շարժվելու լուրը: Սարդարապատցի Կուրկի Ասատուրի Բագրատը, որը այդ շրջանի «պրիստավն» էր, հայտնում է, որ թուրքերն արդեն մտել են Սարդարապատի գերեզմանները: Գյուղի մեծերը` Սաղաթել Հայրապետյանը, Սրապիոն Գրիգորյանը, դուրգար Վահան Կարապետյանը, որոնք լավ հրաձիգներ էին, ասել են. «…Մենք մնում ենք Գնունու հետ, նա կռվի կարգ ու կանոնը լավ գիտի»: Գյուղացիները բաժանվում են դասակների, ընտրում են հրամանատարներ (Սաղաթել Հայրապետյան, Սրապիոն Գրիգորյան, Վահան Կարապետյան) և դիրքավորվում են հետևյալ կերպ. «Մի պոստը գտնվում էր կամուրջի ականջին, մեկը` Զաքոյի առվին, մյուսը` Քյարամի բաղի մոտ»: Հայկազուն Եփրեմյանը, նրա եղբայր Գնունին և համագյուղացիները 6-րդ գնդի կազմում Սուրմալուից կռվելով հասել են Արարատյան դաշտ: Թափադիպայի բնակչության խիզախ արարքների մասին լուրը հասնում է Էջմիածին: Բնութագրական է Էջմիածնից եկած շահրիարցու տեղեկությունը այդ առթիվ. «Լուր տարածվեց, որ թափադիպացիք մնացել են գյուղում` թուրքերի դեմ կռվելու: Գոռումգոչյունը ընկավ ժողովրդի մեջ: Կինս ինձ հանգիստ չէր տալիս: Նա ասում էր, թե դուք մարդ չեք, թափադիպացիք կռվում են, իսկ դուք չեք գնում օգնելու: Ես էլ վեր կացա և եկա: Բոլոր կանայք օրհնում են թափադիպացիներին: Մի քիչ սրտներս հանգստացավ: Հիմա մեկ ժամ չի քաշի, ամբողջ զորքն ու ժողովուրդը կգան զինված: Էջմիածնի վանքերի զանգերը խփեցին, բոլորը խոսում էին թափադիպացիների մասին»: Գյուղացիները դիրքավորվելուց հետո պատրաստ սպասում են թուրքերի հայտնվելուն: Շուտով Մոլլաբայազետի կողմից թուրքերի հետախույզները հասնում են Շիշկինի առվին և ուղղություն վերցնում դեպի Թապադիպա: Ծավալվում է թեժ մարտ: Գյուղացիները հերոսաբար են մարտնչում և թույլ չեն տալիս հակառակորդին առաջանալ: Այս ուժեղ դիմադրությունը ստիպում է թուրքերին նահանջել Մոլլաբայազետ: Գյուղացիներին օգնության են գալիս լրացուցիչ ուժեր, որոնք կռվելով Մոլլաբայազետի և Քյարիմարխի սահմանով` հասնում են Սարդարապատ և մասնակցում այնտեղ ընթացող մարտերին: «…Երկար ժամանակ կռիվը չէր դադարում: Այղր լճի կողմից մեր հրանոթները կրակում էին: Մենք հաշվում էինք. 20-ից ավելի սնարյադ էր գալիս Սարդարապատի կայարանի թուրքերի վրա: Այղր լճի կողմից մեր զորքերը կայարանը վերցրին… Ուռաներով վազեցինք երկաթգիծ: Մեր տղաներից Արմենակ Զաքարյանը վիրավորվեց, իսկ ընդհանրապես վիրավորներ շատ եղան: Մենք երկաթգծի հետ գնում էինք դեպի Արաքս: Գրակոյի սարից թուրքերը զվոդներով իջնում և փախչում էին դեպի Քյավտառները… Թուրքերի կոտորածներին չափ չկար» : 

Այդ օրը մեր խմբին միացավ նաև «Ղաչաղ» Մելքուշը

Թուրքերի դեմ կռվելու են դուրս եկել նաև Էջմիածնի շրջանի Սամաղար (այժմ Գեղակերտ) գյուղի բնակիչները, որոնց պայքարի մասին իր հուշերում պատմել է Հմայակ Սմբատի Խաչատրյանը: Երբ թուրքերը հարձակվում են Սարդարապատի վրա, սամաղարցիները համախմբվում են իրենց համագյուղացի Սարգիս Սարգսյանի շուրջ, կազմում 60 հոգուց բաղկացած մի ջոկատ և երդվում, որ տուն չեն դառնա, մինչև չհաղթեն թշնամուն: Հմայակ Խաչատրյանն իր հորեղբոր հետ մտնում է այդ ջոկատի մեջ, մեկնում Սարդարապատ և միանում 5-րդ հրաձգային գնդին: Հուշերում նկարագրված են 1918 թ. մայիսի 22-ի ռազմական գործողությունները: Այդ օրը սկսվում է հայոց զորամասերի հարձակումը: Ղամշլու երկաթուղային կայարանի մերձակայքում ոչնչացվում են թշնամու առաջապահ զորքերը, իսկ երեկոյան արդեն ազատագրում են Սարդարապատ գյուղն ու կայարանը: «…Մայիսի 22-ի առավոտյան արդեն դիրքավորվել էինք ու չէինք հավատում, որ թուրքը մեզանից մի քանի մետրի վրա է: Առավոտյան սկսվեց կռիվը: Այդ օրը մեր թնդանոթաձիգը զոհվեց: Թնդանոթը սկսեց գործի դնել մեր բարեկամներից մեկը` Հրանտ Զոհրապի Սարգսյանը (նա հաջորդ օրը մի շարք զորամիավորումների հետ տեղափոխվեց Բաշ-Ապարան): Այդ օրը մեր խմբին միացավ նաև «Ղաչաղ» Մելքուշը` իր հեծյալ խմբով… Մեր թնդանոթներն սկսեցին ռմբակոծել թշնամու դիրքերը և շարքից հանեցին նրանց թնդանոթները: Դրանից հետո մարտի նետվեցին մեր զինվորները, այդ թվում` նաև Մելքուշի խումբը… Մի քանի ժամ հետո բերեցին Մելքուշի դիակը»։ 

Որտեղ մեռնեն, այնտեղ իրենց պատանքը կարեն

Օրվա հաջողությունն իր բարերար ազդեցությունն է ունենում և՛ զորքի, և՛ բնակչության վրա: Թուրքերին Սարդարապատում ջարդելուց և փախուստի մատնելուց հետո նրանք հետապնդում են թշնամուն Արաքս կայարանից մինչև Մաստարա: Ուժերի լարման դեպքում հնարավոր է հասնել նույնիսկ անհնարինին: Հմայակ Խաչատրյանի հուշերը ուշագրավ են նաև նրանով, որ տեղեկություն են տալիս զենքերի, դրոշի, երգի մասին, թվարկում են մարտերին մասնակցած համագյուղացիների անունները: «…Մեր ձեռքի հրացանները կոչվում էին «Մոսին» … Հրացանների գլուխներին շտիկներ էին ամրացված: Օգտագործել ենք «Մաքսիմ» և «Կոլտ» մակնիշի գնդացիր: Հեծյալները իրենց կողքից կախված թրեր ունեին, ինչպես նաև դաշույն: Մեր գնդի դրոշը ցարական բանակի դրոշներից էր` կարմիր, կապույտ, սպիտակ: Շատ հետաքրքիր, հայրենասիրական պաթոսով երգեր էինք երգում: Դրանցից էր «Մեր հայրենիք» երգը»: «Աշխարհազորային շարժման մասին պետք է ասեմ, որ մեր գյուղի քահանա Տեր Հովհաննեսը, Էջմիածնի վանքից Գարեգին եպիսկոպոսը, Դանիել վարդապետը, որոնք աշխարհազորային շարժման կազմակերպիչներն էին, իրենց հետ երեք արշին բիազ էին վերցրել, որ որտեղ մեռնեն, այնտեղ իրենց պատանքը կարեն»: 

Կքշեինք մինչև Ալեքսանդրապոլ, եթե չլիներ խայտառակ զինադադարը

5-րդ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հակոբ Սիմոնյանը, վերհիշելով սարդարապատյան բախտորոշ իրադարձությունները, հանգել է մի կարևոր եզրակացության. «…Լավ է մեռնել ոտքի վրա, քան ծնկի գալ թուրքերին»: Նա պատմում է, թե ինչպես է իրենց գունդը շարժվել Իգդիրից, անցել Արաքսը և այրել կամուրջները: Նրանց հետ նահանջել է նաև Վանի և Ալաշկերտի բնակչությունը: Մեծ ուշադրության են արժանի հուշագրողի ներկայացրած փաստերը Արաքս կայարանի մոտ գտնվող բարձունքների գրավման և գնդում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին: Բարձունքներին տիրելը վճռորոշ նշանակություն ուներ ճակատամարտի ելքի համար: Այն ապահովեց թուրքերի ձախ թևի շրջապատումը և աջ թևի ջախջախումը: «…Մայիս ամսի գարնան տաք օրերն էին… թուրքերը ամրացել էին բարձունքի վրա, կրակում էին գնդացիրներով և հրանոթներով: Հայ զորագնդերը պաշտպանողական դիրքեր չունեին: Մեր գունդն ուներ գնդացրային մի ջոկատ` շտաբս կապիտան, քաջ սպա Տաճատ Հովակիմյանի հրամանատարությամբ: Գնդի աջ թևը` 1-ին գումարտակը, բավականին զոհեր տվեց: Ընկան գումարտակի հրամանատար Վարդան Ջաղինյանը, Թոփչյանը, Սարգսյանը, վիրավորվեց Ոսկանյան Գեղամը: Թուրքերի գնդակները մեզ չէին սարսափեցնում, մենք լցված էինք բուռն ատելությամբ: Կռիվը անհավասար էր, բայց մենք չընկճվեցինք, գրոհեցինք, զոհերի գնով գրավեցինք բարձունքը: Դիպուկ հարվածներով կապիտան Կլիչի և Սակիլարիի մարտկոցները խուճապի մատնեցին տաճիկներին, վերցրինք Վերին Թալինը: Կքշեինք մինչև Ալեքսանդրապոլ, եթե չլիներ խայտառակ զինադադարը… Զինադադարը մեր զինվորների սրտով չէր. այդ լուրը դժգոհություն առաջ բերեց մեր մեջ»: Հայտնի փաստ է Երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանի կոչը` ուղղված ժողովրդին և զորքին` դեպի Ալեքսանդրապոլ հարձակումը շարունակելու մասին: Բայց Բաթումում հայկական պատվիրակության կողմից թուրքական երեքօրյա (մայիսի 26-28) վերջնագրի ընդունման կապակցությամբ հաստատվեց զինադադար: Թովմաս Նազարբեկյանի հրամանով հայկական հարձակումը դադարեցվեց: Իսկ գնդապետ Արարատյանը այդ առթիվ գրում է. «…Դադարեցվեցին Երևանյան ջոկատի հարձակողական գործողությունները Ալեքսանդրապոլի վրա, քանի որ Երևանը բաց էր մնում հյուսիս-արևելքից հակառակորդի ներխուժման առաջ»։ 

Թուրքիայի գործակալները եռանդ չէին խնայում մահմեդականներին ոտքի հանելու իշխանության դեմ

Լևոն Հովսեփի Ադունց` Սարդարապատի ճակատամարտի մասին հուշերում խոսվում է նաև այն մասին, որ Հայաստանի դրությունը է՛լ ավելի էր բարդանում ներքին դավադիր ուժերի խռովությունների պատճառով: Երևանի նահանգի 1 միլիոն 120 հազար ազգաբնակչությունից 661 հազարը հայեր էին, իսկ 374 հազարը` մահմեդականներ: Թուրքիայի գործակալները, հատկապես Արարատյան դաշտավայրում, եռանդ չէին խնայում մահմեդականներին ոտքի հանելու իշխանության դեմ: Արժանի է հիշատակության թուրք լրտեսին բռնելու և զինաթափելու նկարագրությունը: Լրտեսը երևանաբնակ թուրքերից էր: Նա նամակ է տարել թուրքական հրամանատարությանը: Դեպքերը կատարվել են Արաքս կայարանի մոտակայքում. «…Հանկարծ տեսանք, որ դիմացից մոտենում է մի ձիավոր` ոտից մինչև գլուխ զինված: Ձիավորը դանդաղ մոտեցավ մեզ և թուրքերենով հարցրեց մեր ով լինելը: Գերասիմը նուխեցի էր` թուրքի դիմագծերով: Նա մաքուր թուրքերենով ասաց, որ ինքը թուրք է, իսկ իր ընկերը` լեզգի: Թուրք բառը լսելով` ձիավորը իջավ: Նա հաղթանդամ մարդ էր, լայնաթիկունք, մոտ 45 տարեկան: Հագին ուներ թանկարժեք կտորից կարված լավ հագուստ: Նա նստեց մեզ մոտ: Համոզված լինելով, որ Գերասիմը թուրք է, ես էլ` լեզգի, սկսեց պատմել, թե ինչպես են Երևանում ժողով արել ու որոշել, որ երբ օսմանցիները հարձակվեն Երևանի վրա, նրանք էլ որպես Երևանում ապրողներ, կօգնեն օսմանցիներին: Ու իրեն է հանձնարարվել կայացած ժողովի մասին նամակը տանելու հրամանատարությանը և պատասխան բերելու»:

Ադունցը շարադրանքում ներկայացրել է, թե ինչպես է 5-րդ մահապարտների գունդը տեղափոխվել Սարդարապատ կայարան: Նա այդ ժամանակ եղել է դասակի հրամանատար: Թվարկում է Ստեփան Թոփչյանի, Չատինյանի, աջ թևում գտնվող 4- րդ վաշտի (որտեղ ղեկավարել են սպաներ Ստյոպա Խաչատրյանը, Գրիգոր Մարգարյանը և Արսեն Սարգսյանը) ղեկավարների անունները: Իսկ Վարդան Ջաղինյանի մասին պատմել է. «Ինձ մոտ պառկած էր Վարդան Ջաղինյանը: Ամբողջ գիշեր կապիտանի տրամադրությունը բարձր էր: Նա ասում էր, որ առավոտյան մենք կհաղթենք և թշնամուն մի այնպիսի ջարդ կտանք, որ երբեք չի մոռանա»: Հաջորդ օրը սկսվել է թեժ մարտը, որի ժամանակ զոհվել են Վարդան Ջաղինյանը, Արսեն Սարգսյանը և ուրիշներ: Հ. Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» գրքում նշված է, որ Վարդան Ջաղինյանը մարտի է գնում պատմիչ Եղիշեի խոսքերը շուրթերին, իսկ Ադունցը ներկայացնում է այլ փաստ. «Մարտն ուժեղ էր ու սարսափելի: Վարդան Ջաղինյանը ցանկացավ գոտեմարտի հրաման տալ, բայց, զգալով վաշտերի նոսրացած լինելը, հետ կանգնեց իր մտադրությունից: Նա ջղայնացած հանեց ատրճանակը, չոքեց, հայհոյեց թշնամուն և սկսեց իրար հետևից մի քանի անգամ կրակել: Չանցած մի քանի րոպե` թշնամու երկու գնդակ խոցեց շտաբս-կապիտանի կուրծքը: Նա վերջին շնչում ինձ ասաց. «Ես մեռնում եմ… Բայց մենք կհաղթենք…»: Վերը նշված երեք հուշերում էլ խոսվում է Վարդան Ջաղինյանի արիության, քաջության մասին. նա օրինակ է ծառայում մարտիկներին և բարձր պահում նրանց հերոսական ոգին: 

Սարդարապատում բոլորին համակել էր կռվելու ցանկությունը, և դա երևում էր նրանց դեմքերից

Թե որքան մեծ էր թիկունքի դերն այս ճակատամարտի հաղթանակի գործում, փաստել են բոլորը, այդ թվում և Քրիստափոր Նիկոլայի Փիրումովը. «…Արարատյան դաշտի տարբեր գյուղերից ու վայրերից կանայք ու ջահել աղջիկներ հաց, ջուր, ուտելիք էին հասցնում կռվողներին: Ամեն օր գնացքները, ծանր բեռնված, Երևանից գալիս էին Սարդարապատ, և հայ կանայք իրենց բերած հացն ու ջուրը հասցնում էին առաջավոր դիրքերում կռվող զինվորներին: Հետաքրքիր համեմատություն է անում  նահանջող և մարտնչող զինվորների մասին. «…Ես երբեք չեմ մոռանա այն փոփոխությունը, որ կատարվել էր Սարդարապատում զինվորների հետ: Մինչև Ալեքսանդրապոլ նահանջած զինվորները հիմա ոչ մի տեղ չէին գնում, կանգ էին առել ու համախմբվել: Սարդարապատում բոլորին համակել էր կռվելու ցանկությունը, և դա երևում էր նրանց դեմքերից: Բոլորն էլ միասին կռվում էին մի նպատակի` հայրենիքի փրկության համար: Հայ զորքը ինքնապաշտպանության իր բնազդով զգացել է, որ այս վերջին հողակտորի վրա պետք է պատերազմ սկսի իր թշնամու դեմ:

Վաշտի հանկարծակի կրակը տեղում մեխեց թշնամուն

Բաշ-Ապարանի հերոսամարտը ձախողեց Ապարան–Եղվարդ կամ Ապարան–Աշտարակ ուղղությամբ Երևանն ու Արարատյան զորախումբը շրջապատման մեջ վերցնելու թուրքերի ռազմական ծրագիրը: Այս ճակատամարտին անդրադարձել է Մամիկոն Իսահակի Տեր-Սարգսյանն իր հուշերում: Ինչպես հայտնի է, կանոնավոր զորամասերը Բաշ-Ապարանի ճակատ են հասնում մայիսի 23-ի երեկոյան: Այդ օրը աշխարհազորայինները ծանր ու համառ մարտեր են մղել և, տեղի տալով հակառակորդի գերակշռող ուժերին, հարկադրված նահանջել են պաշտպանության երկրորդ բնագիծ: Մամիկոնը իր հուշերն սկսում է 6-րդ գնդի կառուցվածքի նկարագրությամբ, այնուհետև ներկայացնում է նույն գնդի երթն Իգդիր–Էջմիածին–Աշտարակ–Ապարան ուղղությամբ: Էջմիածնում վաշտերի հրամանատարները հանդիպում են Մ. Սիլիկյանի հետ, որոնց զրույցը մոտավորապես մեջբերում է. “Турки решили окончательно уничтожить армян. Они взяли Александрополь и ведут наступление на Эривань двумя колоннами, каждая силою в одну дивизию. Одна колонна двигается по полотну желдороги, другая-через Апаран. Апаранская колонна наверняка имеет задачу выйти на Ахту и отрезать путь отступления армян. Во что бы то ни стало мы должны приостановить и отбросить их назад. Дальнейшее их продвижение может быть только через наши трупы. Учтите это и плотно закройте Апаранский проход. Ваш полк сегодня будет в Аштараке, двигайтесь туда и Вы. Желаю Вам победы, доброго пути”: Էջմիածնից գունդը շարժվել է Աշտարակ: Մայիսի 23-ին` ժամը 2-ին, 4-րդ վաշտը (հրամանատար Մամիկոն Իսահակի Տեր-Սարգսյան) Աշտարակից շարժվում է Բաշ-Ապարան: Երբ 4-րդ վաշտը մոտենում է Բաշ-Ապարանին, պարզվում է, որ թշնամու հեծյալ հետախույզները (15- 20 հոգի) մտել են գյուղ և սկսել հավերի որսը: Վաշտը, օգտվելով թուրքերի զբաղված լինելու հանգամանքից, մոտենում է գյուղից հարավ-արևելք` Արագածի փեշերից կախված լեզվակին և ամրանում նրա վրա: Այդ լեզվակը հսկում էր ոչ միայն գյուղը, այլև դրա դիմաց ընկած բաց և հարթ տարածությունը: Նրանք դեռ չեն հասցնում դիրքեր գրավել, երբ երևում է թշնամին, որը քառասյուն շարքի ձևով շարժվում է խճուղով դեպի Բաշ-Ապարան` առանց առաջապահ զորամասի: «… Ըստ ընդունած որոշման, թշնամուն պետք է թույլ տայինք մոտենալու մեզ մինչև 150-200 քայլ և նոր միայն, հատուկ ազդանշանով և նախօրոք հրացաններին դրված նշանացույցերով, 160-170 հրացանից և երկու ծանր գնդացիրներից հանկարծակի կրակ թափեինք թշնամու գլխին: Հասավ ժամը: Վաշտի հանկարծակի կրակը տեղում մեխեց թշնամուն… Առաջին վաշտերն իրար խառնվեցին, հետո խառնված մասսան, դեմ առնելով իրենց իսկ տրանսպորտին, մեծ զոհեր կրելով, դուրս եկավ խճուղուց աջ և ձախ: Այս խառնաշփոթությունը հնարավորություն տվեց մեզ անընդհատ շարունակելու կրակը, իսկ թշնամուն արգելեց շտապ բացազատվել և հանել կրակի: Որոշ ժամանակ անց թշնամին ուշքի է գալիս և սկսում գնդացրային կրակ թափել վաշտի վրա: Գումարտակից օգնություն հայցելը իզուր էր, որովհետև գումարտակն արդեն նահանջել էր` առանց նրանց տեղյակ պահելու: Դանդաղելը մահվան էր հավասար: Վաշտը արագ շարժվում է դեպի Արագածի ձյունոտ լանջերը` տալով 2 սպանված և 1 վիրավոր: Իսկ թշնամին նրանց հետևից կրնկակոխ գրավում է այդ լեզվակը: Մամիկոնը հուշերում հիշատակել է մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած բարձրաստիճան հրամանատարների խորհրդակցության մասին և տվել է ընդհանուր հարձակման նկարագիրը:

Ես եկել եմ այստեղ ջահելների փոխարեն մեռնելու, իսկ դու ինձ ուղարկում ես կուխնին

Հուշերում հետաքրքիր տեղեկություն կա Ղամարլուի (Արտաշատի) շրջանից եկած 30 կամավորների մասին, որոնք առանց հրացանների ժամանել են Բաշ-Ապարան: Կամավորներին առաջնորդել է դալարեցի Մարկոս Բադալյանը և օղուբեկլվեցի Վարանցով Գևորգյանը: Եկածների մեջ էր 60- ամյա Համբարձումը (Դալար գյուղից): Վերջինիս առաջարկել են տուն վերադառնալ, բայց նա պատասխանել է. «Ես եկել եմ այստեղ ջահելների փոխարեն մեռնելու, իսկ դու ինձ ուղարկում ես կուխնին. աղեկ բան չես ըսել, կամանդիր»: Նրանց բաժանել են դասակների մեջ` սպանվածներին ու վիրավորներին փոխարինելու: Նրանցից մեկը սպանվեց, և երեքը թեթև վիրավորվեցին, իսկ Մարկոս Բադալյանը, որին հաջի Մարկոս էին կոչում, Գեորգիևսկի խաչը կրծքին, կռիվները վերջանալուց հետո ողջ և առողջ վերադարձավ տուն»:

Աղբյուրը՝ «1918 թ. Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում»,  Մելիքյան Ա. Բ.