ԱՄՆ Կոնգրեսի անդամները Բայդենի վարչակազմից պահանջում են Ադրբեջանին զրկել ռազմական օգնությունից

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են Դեյվիդ Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարներին` Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը, որն ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այդ երկրի ռազմական կարողականությունների բարձրացմանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի փոխանցմամբ, մայիսի 24-ով թվագրված, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակը ստորագրող կենգրեսականները կոչ են անում անհապաղ դադարեցնել Ալիևի կոռումպացված ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական և անվտանգային օգնության բոլոր տեսակների տրամադրումը: Կոնգրեսականները մտահոգություն են հայտնում նախագահ Բայդենի կողմից «907-րդ» բանաձևի պահանջների կատարումից հրաժարվելու կապակցությամբ։

Այդ բանաձևի պահանջներով սահմանափակվում է ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին` հիմք ընդունելով Հայաստանի և Արցախի շրջափակումն ու ագրեսիան։ Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի շրջափակման վերացման շուրջ առաջընթացը և ագրեսիայի կիրառման փաստը՝ Պետդեպարտամենտը հրաժարվել է բանաձևի կատարումից՝  «չմանրամասնելով ազգային անվտանգության լուրջ մտահոգություններ», ասվածը, որը հիմք էր ընդունվել «907-րդ բանաձևից» հրաժարման համար։

Աղբյուրի փոխանցմամբ, երկկուսակցական նամակի վերաբերյալ Վալադաոն նշել է. «Ամերիկյան ոչ մի դոլար չպետք է ուղղվի Ադրբեջանի զինված ուժերին։ Նավթով հարուստ այդ երկիրը էթնիկ զտումներ է իրականացնում Արցախում, պահում է հայ ռազմագերիներ  և հիմա էլ տարածքներ է բռնազավթում Հայաստանի Հանրապետությունից։ Նախագահ Բայդենը պետք է անհապաղ հետ վերցնի «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու իր որոշումը, իսկ եթե ոչ, ապա Կոնգրեսը պետք է կանոնադրապես կանխի ամերիկյան ռազմական օժանդակությունը Ալիևի ռեժիմին։
Այլընտրանքը լինելու է Բաքվի շարունակական հակահայկական ագրեսիան և այդ գործում Ադրբեջանի առաջ կանաչ լույս վառելը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է. «Ամերիկահայերը Ֆրեզնոյից մինչև Կալիֆորնիայի կենտրոնական հովիտներ, միանում են մեր համայնքին ու գործընկերներին ամբողջ Ամերիկայում և շնորհակալություն հայտնում կոնգրեսմեն Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներին՝ Ալիևի ռեժիմին տրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման պայքարի համար։ Բաքվի կողմից սրվող ագրեսիայի պայմաններում մենք հատկապես գնահատում ենք Վալադաոյի ջանքերը, ով այցելել է Արցախ, «առաջին ձեռքից» ծանոթացել է այնտեղ ապրող մարդկանց մարտահրավերներին և վտանգված բնակչությանը»։

Ամերիկյան կոնգրեսականների երկկուսակցական նամակի բովանդակությանը կարելի է ծանոթանալ  հետևյալ հղումով։