Նիդերլանդների դեսպանը հաճելիորեն զարմացած է Գորիս այցելությունից

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը երեկ՝ մայիսի 24-ին այցելել է Գորիս՝ Սյունիքի մարզ, տեղեկություններ ստանալու քաղաքում առկա հնարավորությունների և մշակութային ու տնտեսական գործունեության մասին:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Կանանց Ռեսուրս կենտրոն կատարած իր այցի ընթացքում նա խոսել է նիդերլանդական «PUM Netherlands senior experts» փորձագետների կողմից կենտրոնին ցուցաբերած աջակցության մասին, ինչպես նաև նիդերլանդական Louet իլիկների ընկերության հետ համագործակցության մասին։
«Կանանց Ռեսուրս կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում կանանց տնտեսական և քաղաքական իրավունքների ընդլայնմանը՝ գենդերային քաղաքականության արդյունավետ իրականացման, կանանց առողջության պահպանման, կանանց սոցիալական պաշտպանության բարելավման, գենդերային բռնության կանխարգելման միջոցով և այլն:

Դեսպանը հաճելիորեն զարմացած էր Նիդերլանդների հետ կենտրոնի լայնածավալ շփումներից և անհամբերությամբ սպասում է համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների»,- գրված է դեսպանատան էջում։