Մեր տունը կիսում են, կեսն էլ տալիս են թուրքին․ սյունիքցի երիտասարդներն այսօր ակցիա են իրականացրել Գորիսում

Սյունիքի մարզի մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են իրականացրել Գորիս քաղաքում՝ իրենց բողոքն արտահայտելով Սյունիքի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Երիտասարդները, որոնք ներկայացել էին ՀՀ պետական քարտեզի պաստառներով, դրոշով, նշում էին, որ Սյունիքն այսօր վտանգի տակ է։

«Թուրքը Գորիս քաղաքի վերևն է: Բնակիչներն անտեղյակ են և չգիտեն՝ ինչ վտանգ է իրենց սպառնում, մենք այսօր հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրաձայնելու համար: Մենք կոչ ենք անում բոլորին միանալ և մասնակցել մեր ակցիային, մեր տունը կիսում են, կեսն էլ տալիս են թուրքին, մենք չգիտենք, թե մեր ապագան որտեղից պետք է սկսվի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Երիտասարդները կոչ արեցին, որ մյուս մարզերի երիտասարդները ևս իրականացնեն նմանատիպ ակցիաներ:
«Այսօր մեզ պետք չի, որ թուրքը գա մեր կողքով անցնի, մեր հարևանը լինի, այս խառը իրավիճակում մենք ավելացնելու ոչինչ չունենք: Մենք այսօրվա ակցիայով չենք սահմանափակվելու, մենք այսօր մնալու ենք մինչև ուշ գիշեր և հավաքվելու ենք ամեն օր, մինչև հասկանանք, թե ինչ է լինելու մեր բոլորի ճակատագիրը»,- ասաց երիտասարդը:

Նրանք նաև ընդգծեցին, որ չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ թուրքը կարող է 2 կմ հեռավորության վրա իրենց հետ ապրել կամ ճանապարհ կիսել:

«Մենք թույլ չենք տա, որ թուրքը բարձրացնի իր դրոշը հայկական տարածքներում և տիրանա մեր հայկական հողերին, մեր հայ ազգը պետք է լուրջ վերաբերվի այս քայլին: Որոշում կայացնի այս հարցում, քանի որ թուրքը կարող է գրավել ամբողջ Հայաստանը, ինչը մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա: Մենք՝ երիտասարդներս, բանակի կողքին ենք, չնայած այս անորոշությանը»,- նշեցին երիտասարդները: