Խուզարկվել են տներ, հայտնաբերվել հրազեններ ու թմրամիջոց

Մայիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժնի ՀՈ բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գյումրու Մադոյան և Հալաբյան փողոցների երկու բնակիչ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են պահում։

Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցվեցին քրեական գործեր, որոնց շրջանակներում մայիսի 12-ին կատարվեցին խուզարկություններ։ Գյումրու Հալաբյան փողոցի 41-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին գործարանային համարով երկփողանի հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։ Մադոյան փողոցի 24-ամյա բնակչի տան խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ատրճանակ, «Մակարով» ատրճանակի պահունակ, ինքնաձիգի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող մոտ կես կիլոգրամ զանգված, կանեփի սերմ և 85 ցողուն, նույն բուսատեսակի չորացված 980 գրամ զանգված և այլն։

Բնակարաններում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։