Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա․ Թագուհի Թովմասյան

Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, արձագանքելով տարածված տեղեկություններին՝ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցնե՛ր, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչնե՛ր: Տարածվող տեղեկությունները, որ Վարդենիսի տարածաշրջանի Շորժա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժը առաջխաղացում ունի, ինձ էլ չափազանց անհանգստացրեց: Ճշգրտումներ էի անում:

Քիչ առաջ զրուցել եմ նաև մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ: Ուզում եմ փոխանցել նրա խոսքերը առ այն, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացրել Գեղարքունիքի մարզի հատվածում, չի ցուցաբերել մեր մարզի երկայնքով որևէ ագրեսիա:

Իսկ ինչ է տեղի ունեցել: Նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան պատճառով: Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում: Հատուկ շեշտեց գեներալը, որ ՀՀ պետական սահմանից անգամ մեկ միլիմետր առաջ չեն եկել ու չեն էլ կարող գալ: Մի խոսքով, Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա. Ես հավատում եմ հրամանատարի խոսքերին, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել, ընդհակառակը՝ դիրքային առավելություններ ենք ձեռք բերել պատերազմի օրերին: Մենք Քարվաճառը և հարակից տարածքնեը հանձնել ենք առանց մեկ փամփուշտ կրակոցի՝ սրտի խորը կսկիծով:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սահմաններում առկա իրավիճակին, կահավորանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին օրերս ուղղված իմ հարցում հնչեցված բոլոր մտահոգությունները շարունակում են մնալ արդիական: Թեև պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա դեռ չի իրականացվել, բայց այսօր առկա առաջնագծում չեն իրականացվում անհրաժեշտ աշխատանքներ մեծապես և այն անտեսանելի գործերը, որ զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, լավ կլինի տեսանելի դառնան նաև իմ ու մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար: Եվ գաղտնիության քողի տակ ցույց տալ, թե աշխատանք է իրականացվում, ամենևին պատվաբեր չէ: Գաղտնի պահելու շատ այլ բաներ կան, որոնք, ի դեպ, չեմ պահվում»: