Հայաստանի 30 տարվա անգլոամերիկյան օկուպացիան մտահոգություններ չի առաջացնում, բայց երբ առաջարկ է հնչում Ռուսաստանի օգնությամբ ազատվել այդ օկուպացիոն ռեժիմից՝ սկսում են հիշել անկախ լինելու և ազգային պետություն ունենալու մասին

Աջ ու ձախ Ռուսաստանին ուղղված տարբեր բնույթի հարցեր են հնչում մարդկանց կողմից, բայց գրեթե չեմ նկատում ինքներս մեզ ուղղված հարցեր այն մասին, թե կգոյատևի՞ արդյոք հայն ու Հայաստանը ԱՄՆ և իր դաշնակիցների կողմից 30 տարի շարունակվող կողոպուտի, շահագործման, այլասերման և գաղութների համար նախատեսված վայրի լիբերալիզմի գաղափարախոսության պայմաններում։

Փաստորեն Հայաստանի 30 տարվա անգլոամերիկյան օկուպացիան Հայաստանի ինքնիշխանության և ազգային պետություն ունենալու հետ կապված մտահոգություններ գրեթե չի առաջացնում, բայց երբ առաջարկ է հնչում Ռուսաստանի օգնությամբ ազատվել այդ մահաբեր օկուպացիոն ռեժիմից (ինչին Ռուսաստանը ևս ձգտում է)՝ իր հետ միասին ինտեգրվելով ընդհանուր պետության մեջ, ապա սկսում են հիշել անկախ լինելու և ազգային պետություն ունենալու մասին։

Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Հայաստանը ինքնուրույն կկարողանա դիմակայել Արևմուտքի օկուպացիոն ռեժիմին և իրենց ագրեսիվ-հարձակվողական քաղաքականությանը բոլոր ոլորտներում և փրկվել, ապա ես Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին նման փորձարկումների մասնակից չեմ ուզում լինել, առավել ևս, որ այդ փորձարկումները, ի սկզբանե, դատապարտված են ձախողման։ Իհարկե արևմտյան քարոզչամեքենան, նուրբ ձևով , ականջահաճո քարոզչությամբ, կփորձի բթացնել մեր բանականությունը, մեր գաղութացված կարգավիճակը քողարկելու նպատակով։

Սակայն, խորագիտություն ցուցեբերելով, Հայաստանը ունի հնարավորություն դուրս գալու անգլոամերիկյան վայրի լիբերալիզմի այդ մահաբեր ճանապարհից, դառնալ Ռուսաստանի հետ ընդհանուր պետության մաս՝ ազգային արժեհամակարգը պահպանելու և պաշտպանելու երաշխիքներով, այդ ընդհանուր պետության օրենսդիր, դատական, գործադիր մարմինների մաս կազմել և օգտվել աշխարհի 1/6-րդ տարածքի և աշխարհի 1/3 հարստության հնարավորություններից նաև ի շահ մեր ժողովրդի։ Սա ոչ շատ վաղ անցյալի մեր պատմական փորձն է, որը մենք ունեցել ենք թե ռուսական կայսրության և թե ԽՍՀՄ կազմում։

 

Հայկ Այվազյան