Ինչու է ակտիվացել Լևոն Տեր-Պետրոսյանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքական մեկնաբան Գեորգ Խաչատուրյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանում նախընտրական գործընթացներից՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին՝ կապված բոլոր նախագահների հետ միավորվելու և դաշինք, ազգային համաձայնություն ձևավորելու գաղափարի հետ։ Ըստ Գեորգ Խաչատուրյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է այդկերպ ինքնամաքրվել, բայց թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը փաստորեն մերժեցին նրա միավորվելու կոչերը՝ հասկացնելով, որ մինչև Լևոն Տեր-Պետրոսյանը ներողություն չի խնդրի իրենցից, որևէ համաձայնության մասին խոսք լինել չի կարող։

Անդրադարձանք նաև ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների դեմ, թե կապիտուլյանտն իրենք են և իրենք են վաճառել Արցախը։ Գեորգ Խաչատուրյանն ասաց, որ դա հերթական պոպուլիզմն է ընտրություններից առաջ, որով վարչապետի աթոռը զավթածը փորձում է իր բոլոր մեղքերից մաքրվել և դրանք բարդել նախկինների վրա՝ իրենից հիասթափվածներին հետ բերելու ակնկալիքով։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նաև ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի և դաշինքների մասին։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն դաշինք կազմեց «Հայրենիք» կուսակցության հետ։ Եթե այդ դաշինքը հասարակության համար անհասկանալի է, ապա Ռոբերտ Քոչարյան-«Վերածնվող Հայաստան»- ՀՅԴ դաշինքն ընկալելի է ամբողջապես։

Ինչպիսի՞ն կլինեն ընտրությունների արդյունքները։ Քաղաքական մեկնաբանը չբացառեց, որ իշխանություններն ամեն ինչ կանեն դրանք կեղծելու համար, այլապես իրենց ֆիզիկական գոյությունը կվտանգվի, երբ նրանք կորցնեն իշխանական լծակները։ Այլ բան է՝ ընդդիմությունը կկարողանա՞ կանխել դա, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում