Տեր-Պետրոսյանը հիպնոս էր անում, ու հենց ելույթ էր ունենում, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեմ․ Հովիկ Աղազարյան

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների ժամանակների առաջին դեմքերից որևէ մեկը չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Կան երկրորդ, երրորդ էշելոնի ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Այդ համախմբումը կարելի է հասկանալ, քանի որ նա միտք ունի, կարողանում է գնահատականներ տալ, որոնք մարդկանց գրավում են: Նույնիսկ 1990-ականներին, երբ ես պատգամավոր էի, երբ խորհրդարանում կարևոր հարց էր քննարկվել, անպայման վերջում Տեր-Պետրոսյանն էր ելույթ ունենում, ու նոր դնում էին քվեարկության:

Ես 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոս է անում: Արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեմ»,- ասաց նա:

Լրագրողը հետաքրքրվեց, որ եթե Տեր-Պետրոսյանը հիպնոսի արվեստին տիրապետում է, ապա ինչո՞ւ հանդիպման ժամանակ չէր հիպնոսացնում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Աղազարյանն արձագանքեց. «Հիպնոսը հո ամեն մեկի վրա չի՞ ազդում»: