Բոլորը հետաքրքրված են Ղարաբաղով, բացի Հայաստանի ու Արցախի իշխանություններից․ հադրութցիները ԱԳՆ շենքի մոտ են

Հադրութի շրջանի հայրենազրկված բնակիչները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ են: «Բոլորը հետաքրքրված են Ղարաբաղով, բացի Հայաստանի ու Արցախի իշխանություններից:  Ազգի մեջը մի քաղաքական գործիչ չկա՝ կանգնի ու պաշտոնապես հայտարարի, որ  Արցախն Ադրբեջան չէ, չի եղել ու չի լինելու, ու մենք էլ իմանանք մեր անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը։
Լ. Հայրյանի խոսքով, իրենք ուզում են վերադառնալ Հադրութ, որևէ այլ տեղ չեն ուզում ապրել՝ ոչ Երևանում, ոչ Արցախի այլ շրջանում:
«Առաջարկում են Ղարաբաղի այլ շրջաններում բնակություն հաստատենք: Չենք ուզում, որովհետև եթե մեզ տանեն ինչ-որ տեղ տեղավորեն, այդպես Հադրութը մոռացության կմատնվի: Չենք ուզում Հադրութը մոռանան:
Պետք է այստեղ ու Ստեփանակերտում նստենք այնքան ժամանակ, մինչև մեր հայրենիքը հետ վերադարձնեն: Ցավոք սրտի, մեր իշխանությունների կողմից արվող քայլերն անբավարար են»,- ասաց  Լևոն Հայրյանը:

Նա ընդգծեց՝ եթե Հադրութն ու Արցախը չկան, ադրբեջանցի հրոսակների հարվածները գալու են ուղիղ Երևանի վրա, Սյունիքն էլ չի կարողանալու դիմադրել:
«Մենք ուզում ենք մեր իշխանությունները ուշադրություն դարձնեն, թե ինչ է կատարվել Հադրութում: Այն, ինչ կատարվել է Հադրութի հետ, դեռ չի պրծել, այն, ինչ կատարվել է  Հադրութում, կախված է ողջ հայ ազգի վրա:
Հադրութը, Քաշաթաղը, Քարվաճառը պետք է վերադարձվեն, որպեսզի հայության անվտանգությունն ապահովվի: Առանց Արցախի Հայաստանի անվտանգություն չկա»,- նշեց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը:
Լ. Հայրյանն ասաց, որ իրենց պահանջն է Հայաստանի ու Արցախի իշխանություններից՝ ծառայեն հայ ժողովրդի շահերին: Նա դժգոհություն հայտնեց, որ Հայաստանի ղեկավարներից որևէ մեկն այս 30 տարիների ընթացքում չի ճանաչել Արցախի անկախությունը:

Հադրութցի Վիլեն Աղաբեկյանն էլ համոզված է, որ առանց պատերազմի հնարավոր է վերադարձնել տարածքները. «Լավ դիվանագիտությունը, լավ դիվանագետները հնարավորություն ունեն այդ գործն անելու»: