Կառավարությունն ընտրեց ԵՊՀ-ը բռնագրավելու ամենակարճ, բայցև ամենաանբարո ճանապարհը․ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ-ի՝ բուհական ինքնավարության մասին ընդունած օրենքին․

«Շաբաթներ առաջ ԱԺ-ն ընդունեց բուհական ինքնավարությունը ոտնահարող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը: ՀՀ նախագահը չստորագրեց օրենքը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու համար։ Հասկանալով, որ նոր օրենքը տևական ժամանակ մնալու է Սահմանադրական դատարանում և իրենց բաղձալի երազանքի իրականացումը ձգձգվելու վտանգի տակ է, այս ազգակործան ու հայդավ կառավարությունը ընտրեց ԵՊՀ-ն բռնագրավելու ամենակարճ, բայցև ամենաապօրինի ու ամենաանբարո ճանապարհը:

Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ կառավարության գլխավոր կապիտուլյատը ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելու որոշում ստորագրեց, որով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, կառավարության կողմից ներկայացված անդամների թիվը խորհրդում 50 %-ից բարձրացավ 65 %-ի, իսկ ԵՊՀ կողմից ներկայացված անդամների թիվը 50 %-ից իջեցվեց 35 %-ի: Եթե ավելի պարզ բացատրեմ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամները լինելու են 13 հատ, իսկ համալսարանական անդամները ընդամենը 7 հոգի: Սա ոչ այլ ինչ է քան, ՀՀ սահմանադրության կապտագույն խախտում և բուհական ինքնավարության իսպառ ոչնչացում:

Ի դեպ, կառավարության հիշյալ որոշման նախագիծը e-draft համակարգում պետք է քննարկվեր մինչև մայիսի 14-ը, որից հետո նոր մտներ կառավարության նիստերի օրակարգ: Բայց արի ու տես, որ առանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց»,-գրել է Արմեն Ավետիսյանը: