Գագիկ Ծառուկյանը և Էդմոն Մարուքյանը հանցավոր համաձայնության են եկել․ Էդգար Ղազարյան

«Մենք տեսանք ցավալի իրողություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները, ներկայացել է Կառավարության շենք, կայացրել է իր լիազորություններից բխող որոշումներ, նշանակումներ է կատարել, որը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման հատկանիշ է»,- այս մասին այսօր Կառավարության դիմաց  ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի գործունեության սահմանադրականության հարցը հանրայնորեն քննարկելու ժամանակ։  Ավելի վաղ Էդգար Ղազարյանը գրառում էր կատարել, Նիկոլ Փաշինյանին հրավիրելով մասնակցելու իր գործունեության սահմանադրականության մասին հանրային քննարկմանը։

«Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու ոչ մի իրավունք չունի»,- հայտարարեց նա։

Պնդումը հիմնավորում է՝ վկայակոչելով Սահմանադրությունը. «Այն դրույթը, որ սահմանում է՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչ նոր կառավարության ձևավորումը, հասկանալիորեն վերաբերում է կառավարության այն անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել։ Իսկ այն պաշտոնյաները, որոնք հրաժարական են ներկայացրել ու նրանց հրաժարականն ընդունվել է, մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն ու նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլևս պաշտոնավարելու իրավունք չունեն»։

Նա նշեց, որ երեկ տեղի է ունեցել նոր իրադարձություն՝ ԱԺ-ում վարչապետի պաշտոնում առաջադրվել է Փաշինյանը, որին կողմ է քվեարկել մեկ պատգամավոր։

«Այսինքն, պառլամենտը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ։ Եթե խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը դեմ է այս կամ այն անձին վարչապետի պաշտոնում տեսնելուն, նշանակում է, որ նրա մտքով առհասարակ չպետք է անցնի այս շենք մտնելը, մինչև որ նա երբևէ կընտրվի վարչապետ կամ կնշանակվի այլ պաշտոնի։ Այսինքն, մենք այսօր հաստատ չունենք վարչապետ, և ինձ համար կարևոր է, ոչ միայն այն, թե ինչու է շարունակում պաշտոնավարումը, այլև, թե ինչ գործողություններ է իրականացնում որպես քաղաքական գործիչ, քանի որ իմ կարծիքով, հանցավոր համաձայնության գալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, որի հետևանքը պետք է լինի այն, որ մայիսի 10-ին տապալվելու է դեմոկրատական, ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ իշխանությունը»,- ասաց Ղազարյանը։

Նա այստեղ ևս մատնանշում է Սահմանդրությունը, որը ամրագրում է, ոչ մի քաղաքական գործիչ, քաղաքացի իրավունք չունի տապալի ժողովրդի իշխանությունը։

«Վարչապետի հրաժարականը սահմանդրական ինստիտուտ է։ Ցանկացած պահի վարչապետը կարող է հրաժարական տալ, առնվազն երկու անգամ ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին։ Այս դեպքում ոչ թե պետք է գնալ ԱԺ նոր ընտրությունների, այլ արդեն գոյություն ունեցող ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ։ Եթե պատգամավորներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը չեն ցանկանում լինել պատգամավորներ, դա նույնպես մեր օրենսդրությունը նախատեսում է, կարող են վայր դնել իրենց մանդատները, ցուցակից կընտրվեն այլ պատգամավորներ»,- նշեց Ղազարյանը։

Նրա խոսքով, Սահմանդրության այն դրույթը, որ երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո պառլամենտը լուծարվում է, ոչ թե ինքնալուծարման ինստիտուտ է, այլ ծայրահեղ դեպք, բացառիկ քաղաքական տարաձայնությունների պարագայում, հանգուցալուծում գտնելու համար։

«Իսկ հիմա նման խնդիր գոյություն չունի։ Խորհրդարանը գտնվում է կազմակերպվածության գերբարձր մակարդակում, դա վերաբերում է ոչ միայն «Իմ քայլ»-ին, որոնք միաձայն որոշումներ են կայացնում, այլև ընդդիմադիր մյուս երկու ուժերին։ Այսինքն, այս պահին լեգիտիմության տակ է դրված մեր խորհրդարանը, նախկին վարչապետը ղեկավարում է խորհրդարանը։ Մեր խորհրդարանի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմություն, մինչդեռ ընդդիմությունը եկել է իշխանության, համաձայնության են եկել ու դարձել միասնական թիմ։

Ես՝ որպես քաղաքացի, ասում եմ, հարգելիներս, հո ես ձեր ձեռքը կրակը չեմ ընկել, ընդունել ենք Սահմանդրություն, օրենքներ, ուզում ենք ապրել մեր երկրի օրենքներով, ձեզ ո՞վ է թույլ տվել խախտել մեր երկրի օրենքները, հասարակական, տրամաբանական կարգը։ Դուք ձեզ դրել եք եսիմ ում տեղ, դուք ընդամենը հանրային ծառայող եք, որոնք պարտավոր են իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակում գործողություններ իրականացնել, ոչ թե չիրականացնել»,- նշեց Ղազարյանը։