Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 25 տարեկան

Այսօր Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը կդառնար 25 տարեկան։ Նա ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ ազգությամբ եզդի Սլոյանների ընտանիքում։

Քյարամի հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանն առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում։

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Չորս օր տևած պատերազմը հասցրեց մարդկային անդառնալի կորուստներ։ Քյարամ Սլոյանը ևս զոհվեց։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանն իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտպանական մարտը և ընկել հերոսի մահով: Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում. գլխատվել և ենթարկվել էր դիակապտության։ Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները։

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։