Այժմ աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանը մտադիր է կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Այսպիսի հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ, գրում են լրատվամիջոցները:
Նա նշել է, որ Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել տարածաշրջանային հաղորդակցային նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ և Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքները:
«Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս: Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանից գործընկեր երկրներին դիտարկելու տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»,- շեշտել է Ալիևը: