ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին լծակներ կտա՞ արդյոք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանություն բառն արտաբերելուն և դրա ազդեցությանը Հայոց Ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի կողմից իրականացված այդ հանցագործության դատապարտման գործընթացքում։ Աննա Աբրահամյանն անդրադարձավ Բայդենի ելույթի տեքստին՝ շեշտելով, որ դրանում բացակայում էր դատապարտումը, իրավական գործընթացներ սկսելու մասին ևս ոչինչ չասվեց և ամբողջ ելույթը միտված էր ապագային՝ կանխելու հետագա նման ոճրագործությունները և աշխարհի բոլոր ժողովուրդներին համերաշխության կոչելու։

ԱՄՆ նախագահի հայտարարությունը շատ փորձագետների կարծիքով նաև հերթական սեպն էր հայ-ռուսական հարաբերություններում՝ տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու միջոցով ի վերջո Ռուսաստանի դերը, ազդեցությունը թուլացնելու և աշխարհաքաղաքական այլ իրողություններ ձևավորելու նպատակով։ Աննա Աբրահամյանը հաստատեց, որ այդ մտավախությունը տեղին է և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում կա նաև այդ հեռահար նպատակը։

Խոսեցինք նաև արտահերթ ընտրությունների մասին։ Ինչպես հայտնի է, ապրիլի 25-ին վարչապետի աթոռը զավթածը հրաժարական ներկայացրեց, բայց միևնույն ժամանակ, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, իրեն հռչակեց վարչապետի պաշտոնակատար։ Մյուս կողմից խորհրդարանական ընդդիմությունը հավատարիմ է մնում Փաշինյանին տված խոստմանը և դեռ վարչապետի իր թեկնածուին չի առաջադրել։ Քաղաքական շատ ուժեր արդեն հայտ են ներկայացրել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։ Նման պայմաններում մենք կարո՞ղ ենք հույս փայփայել, որ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի ձերբազատվել այս վարչակարգից, թե նրանք վերարտադրվելու բոլոր հնարավորություններն ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում