Մեզ համար Ցեղասպանության ճանաչումն ինչպես պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է՝ հատկապես անցած տարվա իրադարձությունների լույսի ներքո․ Նիկոլ Փաշինյանի նամակը Բայդենին

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել։ Հիշեցնենք, որ քիչ առաջ տարածվել էր Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում նախագահն օգտագործել էր «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը՝ այդպիսով 1915 թվականի իրադարձությունները ճանաչելով որպես ցեղասպանություն։

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը․ «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են։

Մեծարգո պարոն Բայդեն,

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։