Աշխատատեղերի ա՞ճ, թե նվազում

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը վերլուծել է աշխատատեղերի մասին ՊԵԿ տարածած հաղորդագրությունը:

«Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության, ինչին նաև այսօրվա կառավարության հերթական նիստին անդրադարձել է ՀՀ վարչապետը՝ 2021 թվականի մարտին եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2.5 հազարով, 2019թ. մարտի համեմատությամբ` 38.5 հազարով, իսկ 2018թ. մարտի համեմատությամբ` 85.5 հազարով:

Ստացվում է, որ ըստ կառավարության՝ տեղի է ունեցել աշխատատատեղերի էական աճ, անինչ իրականում պատկերը միանգամայն այլ է։

Ըստ tradingeconomics.com միջազգային վերլուծական կայքում արտացոլված տեղեկատվության՝ 2018 թվականի մարտ ամսին Հայաստանում զբաղվածների թվաքանակը կազմել է 874․0 հազար մարդ, 2019 թվականի մարտին՝ 1087․0 հազար մարդ, 2020 թվականի մարտին՝ 996․0 հազար մարդ, 2021 թվականի փետրվարին՝ 607․0 հազար մարդ, իսկ մարտ ամսվա տվյալները դեռևս հրապարակված չեն։Սակայն, միանգամայն տրամաբանական է, որ այն հնարավոր է լինի 622,5 հազար, ինչպես ներկայացնում է ՊԵԿ-ը։ Սակայն, եթե համեմատենք 2021 թվականի մարտի աշխատատեղերի ցուցանիշը անցած 3 տարիների նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա ստացվում է հակառակ պատկերը՝ 2020 թվականի մարտի համեմատ այն նվազել է 373,5 հազարով, 2019 թվականի մարտի համեմատ՝ 464,5 հազարով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ՝ 251,5 հազարով։ Միաժամանակ նշեմ նաև, որ գործազուրկների թիվը, ըստ նույն կայքում արտացոլված տվյալների, 2020 թվականի մարտին կազմել է 61,6 հազար մարդ, 2021 թվականի հունվարին՝ 62,2 հազար մարդ, 2021 թվականի փետրվարին՝ 63,0 հազար։ Մարտի տվյալները դեռ չեն հրապարակվել»,- Կարեն Սարգսյանը։