Մահճակալն ընդհանուր է, բարձը` ոչ

Փոխվո՞ւմ է գլոբալ խաղը` ԱՄՆ-Ռուսաստան տանդեմում, թե թեթև «ռազմինկա» է` Բայդենի իշխանության ստանձնման շեմին` աշխարհաքաղաքական մեծ դասավորություններից առաջ:

Առայժմ կարծես նյարդերի կռիվ է, որովհետև խիստ ինստիտուցիոնալ կիրառվում է փափուկ բարձիկների մեխանիզմը. Բայդենը Պուտինին առաջարկում է հանդիպում, ապա` կիրառում սանկցիաներ:

Ասել է` բլիթ-մտրակ տարբերակի կիրառմամբ փորձ է արվում Պետդումայի ընտրությունների գնացող, Նավալնուն ձերբակալած Պուտինին թուլացնել այնքան, որ վերջինս այդ ընտրություններում լուրջ խնդիրներ ունենա և կանգառներ գրանցի իր «մարշ-բրասոկներում», քարտ-բլանշը հանձնելով ռուսական գլոբալիստներին:

Ամերիկյան փորձագիտական հանրությանը, բոլոր դեպքերում, խաղը նյարդայնացնում է. սա նոր «սառը պատերա՞զմ» է հարցին էլ նրանք հստակ պատասխան չեն տալիս. գտնելով` ոչ, այլ պարզապես նյու-էպիկրիտիկ սրացումներ են:

Ու թե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը իր «Ռուզվելտ» և «Դոնալդ Կուկ» նավերը այդպես էլ Բոսֆորի նեղուց չմտցրեց (տարավ դեպ Միջերկրական ծով), ինչը մեծ բեռից ազատեց ոչ միայն ֆաշիստացող Թուրքիային` մի կողմից, մյուս կողմից` աշխարհը հասկացավ. հանուն Ուկրաինայի՝ ԱՄՆ-ը դեռևս չի ցանկանում ձեռնամարտի մեջ մտնել Ռուսաստանի հետ, և խաղում է Պուտինի ու Ռուսաստանի հետ` հետ-առաջ սկզբունքով:

Թողնենք ԱՄՆ-Ռուսաստան ուժային կենտրոններին մկանունքի ցուցանման, միմյանց դիվանագետներին նոն-ստոպ հետկանչման թրենդի մեջ, փորձենք հասկանալ` ինչ է տալու այս ամենը Հայաստանին և Արցախին` հընթացս անդրադառնալով նաև Մայդանում, ինչպես երևում է արդեն նաև` Ստեփանակերտում, իսկ իրականում` Երևանում բլիթներ բաժանող` ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի նշանային պահվածքից` պատասխանելով հարցին` բացի «պտիչկայից», այլ բան կա՞ր օրերս վերջապես հայտարարություն տարածած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «մտածումների» մեջ:

Միանգամից ասենք` ո ՛չ. չկար: ԵԱՀԿ ՄԽ երկար սպասված հայտարարության մեջ կար հեռավոր ակնարկ այն մասին, ինչից խոսում են Ադրբեջանն ու Ռուսաստանը. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը սարերի հետևում չէ: Այն ըստ ամենայնի առաջիկայում` հայաստանյան ընտրություններից հետո կստորագրվի, սահմանների ապաշրջափակումը «կմտնի» տարածաշրջանային օրակարգ, դառը պատերազմի արդյունքում ձևավորված նոր ստատուս-քվոն կյանքի իրավունք կստանա:

Ինչպես միշտ, ՄԽ համանախագահների հայտարարության մեջ ոչ մի առարկայական, կոնկրետացնող խոսք` պատերազմի «արդյունքների», դրանց վերանայման, «հայտնի սկզբունքների» հետ կորցրած կապի մասին:

Ասել է` ինչպես բուն պատերազմի ժամանակ աշխարհն ու նրա ներկայացուցիչ ԵԱՀԿ ՄԽ-ը պասիվ դիտորդի դերում էին, հիմա էլ փորձում են խաղաղության պայմանագրի ստորագրման փուլում զուտ ֆորմալ ներկայություն ապահովել: Գործընթացը դարձնելով «քաղաքակիրթ», լիգիտիմ:

Հարց` պայմանավորվե՞լ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և հակամարտության կողմերը (մասնավորապես` ռուսական համանախագահությունը, որը նախորդ անգամ չէր միացել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիական ու ամերիկյան համանախագահների տարածաշրջանային այցին, էլ ավելի` ադրբեջանական կողմը, որը մինչ այդ ասել էր` որպես այդպիսին, ԵԱՀԿ ՄԽ այլևս գոյություն չունի), և այդ ռեֆրենով են այլևս առաջ շարժվում, որովհետև ըստ «կողմերի», կոնֆլիկտ այլևս չկա. այն «կարգավորվել է»` ուժի կիրառման, ֆոսֆորային, կասետային զենքերի, պատերազմական հանցագործության, վերջում էլ Բաքվում բացված «նիկրո» թանգարանի միջոցով… և հասկանալիորեն, աշխարհում որևէ մեկը, այդ թվում և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները ոչ մի ձայն չեն հանում այդ մասին:

Ասել է` կոնֆլիկտն ավարտված է նաև ԱՄՆ-Ֆրանսիա համանախագահությունների, ինչպես Ռուսաստան-Ադրբեջանի համար:

«Կարդանք» ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ մադամ Նուլանդի օրերս արտաբերած մտքերը ու ասենք` «կողմերը» կարծես մեծ առարկություններ չունեն: Եվ չնայած Նուլանդի կիրառած բառախաղին, թե Սիրիայի, Լիբիայի, նաև Ղարաբաղի հարցում պետք է վերադառնանք «նույն էջին», տիկինը այդպես էլ չի բացատրում, թե ինչ նկատի ունի` «նույն էջ» ասելով, և բացի գերիների վերադարձից ու մարդասիրական օգնությունից, որևէ այլ բան, էլ չենք ասում կարգավիճակի հարց` «երեկվա օրվա» մեջ չի ներառում: Իսկ Ղարաբաղից անմիջապես հետո մադամը խիստ սահուն անցում է կատարում, որքան էլ ցավալի է, Հայաստանին:

Մի պահ էլ ձգենք պաուզան` հընթացս ասելու, որ կարգավիճակի հետ կապված շատ ավելի «իրատեսական» է հույսեր կապել Ռուսաստանի հետ, որը մեծ ցանկություն ունի քարշ տալ Ադրբեջանին ԵԱՏՄ, ՀԱՊԿ, բայց դատելով ռուսական պսևդո, ադրբեջանական փողերի հետևից գետնաքարշ ման եկող ռուսական փորձագիտական (Դուգին) մտքի ռահվիրաների մեծապետական ցնցումներից, Ռուսաստանը շատ ավելի շուտ կարող է կարգավիճակի հարցը տարուբերել Ադրբեջանի, հաջողություններից հարբած Ալիևի քթի տակ, որովհետև Ադրբեջանն առաձնապես ոգևորված չէ այդ հեռանկարով և չի բացառվում` ինչ-որ պահի ռուսական մեծապետական սպասումների թափանիվի մեջ` մեխ խրի, էլ չենք ասում, որ Ռուսաստան-Ադրբեջան (իրականում` Թուրքիա, էլ ավելի իրականում` ԱՄՆ) տանդեմում` տարընթերցումներ կան նաև ռուսական խաղաղապահների հարցում: Որն ինչ-որ պահի կարող է և ցնցումների տանել ադրբեջանա-թուրքա-ռուսական կոնգլոմերատին:

Սա այն ժամանակ, երբ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները ոչ թե «step by step» զարգացման, այլ` ավելի թեժ փուլում կլինեն:

Բայց դեռ մադամ Նուլանդի` Հայաստանին առնչվող մտքերի մասին: Տիկինը հարկ է համարում արձանագրել. «Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Դու ասացիր:

Ինչ և ում նկատի ունի տիկինը, որը չի անհանգստանում Ադրբեջանի ՀԱՊԿ-ացմամբ և ԵԱՏՄ-ացմամբ, այլ գտնում է, որ պետք է պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանի՞ն: Թուրքիայի՞ն: Թե երկուսին համաժամանակյա: Հասկանալի է, չէ՞. այն հենց այնպես չի հնչել և իր խորքում լուրջ ներուժ ունի:

Նկատենք` Մայդան կերտած տիկնոջ սույն մտքերը որևէ անհանգստություն, արձագանք ցայս չեն առաջացրել ընտրությունների մեծ մարաթոնի ելած հայոց փորձագիտական, ընդդիմադիր, էլ առավել` իշխանական «շարքերում»:

Գերեզմաններում քարշ եկող, զոհված զավակներից ծնկաչոք քվե մուրացող, երկիրը ծախած գլխավոր կապիտուլյանտի համար` կա մեկ խնդիր` պահել սեփական աթոռը ամեն գնով, մնացած ամեն բան ածանցյալ է:

«Խաղաղության պայմանագիրն» այս պահին դարձել է նրա գերագույն ջոկերը` բոլոր կողմերի, իհարկե, առաջին հերթին Ռուսաստանի հետ քաղաքական պայմանավորվածությունների. իր իշխանության հաջող «պասադկան» ապագա պառլամենտում ապահովելու համար: Եվ արձագանքել որևէ մտքի, մարտահրավերի, կուշտ կերած, փոր գցած իշխանական կոնգլոմերտն ի վիճակի չէ:

Ընդդիմությունից էլ, որի գրեթե բոլոր ներկայացուցիչների (փոքր բացառությամբ) հետ իշխանության մահճակալն ընդհանուր է`բարձը` ոչ, սպասումներ ունենալը նույնպես անիմաստ է:

Այնպես որ, մեծ սպասումներ ունենալ այլոցից` ԵԱՀԿ ՄԽ-ից, Ռուսաստանից, տիկին Նուլանդից, պետք չէ. ավելին` նոնսենս է:

Որովհետև երբ դու չես մտածում քո երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասին, քեզ «կողքից» են հուշում ու հիշեցնում այդ մասին… դու ինքնիշխանության ու «ամբողջականության» արժանի չես:

Կարմեն Դավթյան