Պահուստային ֆոնդից 7,5 մլրդ դրամ հատկացվեց՝ արցախցիների 68 հազարական դրամները ապրիլին վճարելու համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով զեկուցվող հարցերից մեկը՝ ասաց. «Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հայտկացնել 7 մլր 548 հազար դրամ, որի նպատակը լինելու է Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության 4 ամսյա ծրագրի ապրիլ ամսվա գումարի ֆինանսավորմանը»:

Նա հիշեցրեց, որ գործադիրի որոշմամբ՝ 2021 թ. մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-68 տարեկան տղամարդկանց, որով նախորդ ամիս Արցախում աջակցություն է ստացել 101 հազարից ավելի քաղաքացի:

Նախարարի խոսքով՝ արցախցիներին տրված աջակցության ընդհանուր գումարը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ:

«Կառավարության արդեն հաստատած ծրագրերով կա ևս 22 միլիարդ դրամի հատկացման որոշում, որի արդյունքում ընդհանուր առմամբ տրամադրված և հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 միլիարդ դրամ»,-ընդգծեց նախարարը: