Դարձյալ Քովիդ-19-ից մահացածների դիահերձման արգելքի մասին

Դեռ ս․թ․ մարտի 20-ին Հակահամաճարակային Ալյանսը անդրադարձել էր Քովիդ-19-ից մահացածների դիահերձման արգելքի անհիմն լինելու հարցերին (հղումը՝ մեկնաբանություններում)։ Մասնագիտական գրառման վերջում արթնության կոչ էր արվել պատկան մարմիններին՝ հանելու դիահերձման արգելքը և չխոչընդոտելու բժշկագիտության զարգացմանը, ինչպես նաև հարազատներին հնարավորություն տալու հավուր պատշաճի սգալ իրենց հարազատի կորուստը։

Մեր գրառումից հետո առողջապահության նախարարության կողմից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում ս․թ․ ապրիլի 5-ին տեղադրվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով «առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը»։

Ի դեպ, դեռ 2020թ․ մարտի 24-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Վարակների կանխարգելում և վերահսկում՝ COVID-19 համաճարակով պայմանավորված մահացածների մարմինների հետ անվտանգ վարվելու ապահովման նպատակով» փաստաթղթով՝ Քովիդ-19-ից մահացածների դիահերձման վերաբերյալ ոչ մի արգելքի կիրառում չի առաջարկվել։

Ավելին, 2020թ․ սեպտեմբերի 4-ի ԱՀԿ առաջարկությունները թույլ են տալիս հարազատների իրենց հանգուցյալների հետ հրաժեշտը կազմակերպել հստակ կանոնների պահպանմամբ։

Ո՛չ նախորդ, ո՛չ էլ նոր ԱՀԿ առաջարկությունները չեն պահանջում դիահերձման արգելք և հուղարկավորություն փակ դագաղով, ավելին՝ երկրորդ փաստաթղթում ավելի հստակ պարզաբանվել է, թե ինչպես կարելի է հավուր պատշաճի և անվտանգ կազմակերպել թաղման արարողությունը։

Այդ անհիմն արգելքի պատճառով Քովիդ-19-ից մահացած բոլոր մարդկանց դիակները սկսեցին կուտակվել մեկ դիահերձարանում, ինչը հուղարկավորության համար ստեղծեց բազում անհարմարություններ և լրացուցիչ սթրեսային իրավիճակներ հարազատների համար, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներում։

Առաջանում են մի շարք հարցեր․

Ի՞նչ հիմքով է սահմանվել դիահերձման արգելքը։

Ինչու՞ առ այսօր այն չի վերանայվել։

Ինչու՞ ամիսներ շարունակ հարազատներին թույլ չի տրվել հրաժեշտ տալ իրենց հանգուցյալներին։

Ո՞վ է պատասխան տալու բժշկագիտության զարգացումը կասեցնելու, մահվան պատճառների բացահայտմանը խոչընդոտելու համար։

Ո՞վ է պատասխան տալու Քովիդ-19-ից մահացած հազարավոր մարդկանց նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի համար։

Մի կողմ թողնելով ԱՆ հիմնավորման մեջ տեղ գտած անգրագիտությունները (օրինակ՝ «դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատված» և այլն), առ այսօր դիահերձման արգելքի արդարացման համար անտրամաբանական և անհեթեթ փորձերը՝ կոչ ենք անում․

Ազգային ժողովին՝ օր առաջ վերացնել դիահերձման օրենսդրական խոչընդոտը,

Քովիդ-19-ի հետևանքների ուսումնասիրմամբ զբաղվող ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ հրավիրել ուշադրություն այս փաստերի նկատմամբ,

կառավարությանը և նախարարությանը՝ ընդունել մեկ տարուց ավելի մասնագետների ձայնին ականջալուր չլինելու պատճառով գործած սեփական սխալները, հանրային ներողություն խնդրել Քովիդ-19-ից մահացած հազարավոր մարդկանց հարազատներից,

իրավապահ մարմիններին՝ քննության առարկա դարձնել նկարագրված փաստերը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն