Գերիների վերադարձը ռուսական կողմի համար առաջնահերթությունների թվում է․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Գերիների վերադարձի մասին խոսում է մեր ղեկավարությունը։ Այն առաջանհերթություններից է և ՌԴ ղեկավարության, և մեր խաղաղապահ զորակազմի համար։ Աշխատանքները շարունակվում են»,- այս մասին այսօր ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով գերիների վերադարձի մասին տեղեկությանը։

Կոպիրկինը վստահություն հայտնեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակելու է այս ուղղությամբ աշխատել։

Հարցին, թե Ադրբեջանը հայտարարում է՝ ռազմագերիների հարցը լուծված է, և  հարցը փակված է, ինչպիսի՞ն է ռուսական կողմի դիրքորոշումը, Կոպիրկինն ասաց, որ իրեն դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունները, կրկնելով, որ աշխատանքները շարունակվում են և ռուսական կողմի համար այն առաջնահերթությունների թվում է։

Հարց հնչեցվեց Ադրբեջանի կողմից Արցախում պրովոկացիաների, գյուղերի ուղղությամբ կրակոցների մասին, սակայն Կոպիրկինը ասաց, որ ինքը ՌԴ դեսպանն է Հայաստանում։

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ» V պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման հետ կապված դեսպանը նշեց, որ հարցը քննարկվում է մասնագիտական կառույցների կողմից։

«Մի խմբաքանակ արդեն առաքվել է, կարծում եմ, աշխատանքները շարունակվելու են։ Դատելով այն տեղեկատվությունից, որ մենք բոլորս ունենք, հարցը քննարկվել է նաև մեր ղեկավարների հանդիպմանը»,- ասաց Կոպիրկինը։