Պուտինը խոսում է «երաշխավորված անվտանգության», իսկ նրա ենթակաները՝ Արցախում ահաբեկիչների շարունակական ներկայության մասին…

Դեկտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստում խոսել է նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրավիճակի սրման բարձր ռիսկերի մասին: Եվ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հետ մեկտեղ նա, ինչպես սպասվում էր, նշել է նաև մեր Անդրկովկասը: Եվ կասկած չի հարուցում այն փաստը, որ Անդրկովկասի ներկա իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի դավաճանների և ներքին թուրքերի ակտիվ օգնությամբ, Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի և Պակիստանի ակտիվ միջամտությամբ, հսկայական քայլ է մի քանի նոր պատերազմների ռիսկի ճանապարհին:

Եվ նույն օրը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը կոշտ և հստակ բացատրել է, թե ինչու է Վլադիմիր Պուտինը տեսնում «իրադրության սրման բարձր ռիսկեր» մեր Անդրկովկասում: Մերձավոր Արևելքից ահաբեկիչների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններին՝ արձանագրված փաստ է, ինչը հաստատել ենք ոչ միայն մենք, հիշեցրել է ՌԴ փոխարտգործնախարարը: «Վարձկանների թիվը հասնում էր մոտ երկու հազարի: Մենք հենց սկզբից մտահոգություն ենք հայտնել այնտեղ արմատական՝ ​​ ջիհադիզմի գաղափարախոսություն դավանող վարձկանների գտնվելու կապակցությամբ: Նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. նրանք չպետք է այնտեղ լինեն»,- ընդգծել է Օլեգ Սիրոմոլոտովը: Օ. Սիրոմոլոտովի հարցազրույցի կապակցությամբ հիշեցնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնապես հայտարարել է, որ Արցախում Մերձավոր Արևելքից վարձկանների թիվը մոտենում է 2000 ահաբեկչի՝ արտաքին խաղացողներին կոչ անելով օգտագործել իրենց հնարավորությունները կանխել վարձկանների տեղափոխումը Մերձավոր Արևելքի տարածաշրջանից: Այս կոչն ուղղված էր նախ և առաջ Թուրքիային, որը փաստացի հանդիսանում  է Այսրկովկաս ահաբեկիչների շարժման առաջատար նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչը՝ հայերի դեմ մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից նրանց մասնակցության նպատակով: 2020 թ. նոյեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ահաբեկիչները Արցախում վերջին ռազմական գործողությունների գոտուց, ցավոք, «ոչ մի տեղ չեն անհետացել, չեն վերացել»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը սիրիական թուրքաման ահաբեկիչների վերաբերյալ ունեցել է և ունի կոնկրետ տեղեկություններ, որոնք հիմնված են փաստերի վրա: Հիշեցնում ենք նաև, որ պատերազմի հենց սկզբում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն առաջիններից մեկն է հայտարարել, որ Սիրիայից ահաբեկիչները Թուրքիայի օգնությամբ տեղափոխվում են Արցախ: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես հայտարարել է, որ ԱՀԾ-ի տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ ակտիվորեն հակամարտության գոտի են քաշվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները:

Այնպիսով, թուրքաման ահաբեկիչները դեռևս Արցախում են: Ավելին, նոյեմբերի վերջին ամերիկյան փորձագետ Մայքլ Ռուբինը «The National Interest» թերթում հայտարարել է, որ Էրդողանն ու Իլհամ Ալիևը «ժողովրդագրական պատերազմ» են սկսել Անդրկովկասում հայերի դեմ՝ կազմակերպելով ահաբեկիչների ընտանիքների վերաբնակեցում Ադրբեջանում, որոնց բնակեցնում են Արցախի օկուպացված տարածքում: «Չնայած Էրդողանը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը կարող են տոնել տարածաշրջանի ազատագրումը քրիստոնյաներից, նրանց վարձկաններով փոխարինելը դանդաղ գործողության ռումբ կլինի Հարավային Կովկասի համար»,- պնդում է Ռուբինը:

Այդ հիշեցումների ֆոնին, ինչպես համոզված ենք, Ռուսաստանի նախագահի՝ դեկտեմբերի 21-ին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ արված հայտարարություններից մեկը քիչ հասկանալի է թվում: Նա ասել է. «Ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքը»: Արդյո՞ք այդպես է, Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Մեզ համար դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի նախագահին հայտնի չեն Նարիշկինի (ԱՀԾ), Լավրովի և Զախարովայի (Արտաքին գործերի նախարարություն), նախագահ ալ-Ասադի (Սիրիա) վկայություններն ու այլ ապացույցները (այդ թվում՝ նաև Արևմուտքից) այն մասին, որ թուրքամետ վարձկան ահաբեկիչները շարունակում են մնալ Արցախում: Եվ ո՞վ գիտի. գուցե նրանք արդեն ներթափանցել են Հայաստան: ՌԴ բոլոր նշված պաշտոնատար անձանց և Սիրիայի նախագահի վկայություններն ամենահամոզիչ փաստարկն են, որն ամբողջությամբ հերքում է Պուտինի ուրախ և լավատեսական պնդումը, թե իբր ռուսական զորքերը Արցախում անվտանգության երաշխիք են… Ի՞նչ է. Սիրիայում արդեն անվտանգությունը երաշխավորվա՞ծ է, պարոն Պուտին: Ոչ, այնտեղ պատերազմը շարունակվում է: Նույնը կլինի Հայաստանի ու Արցախի հետ:

Խաղաղապահներն ընդհանրապես ոչ մի բան չեն երաշխավորում, նունիսկ Ռուսաստանից եկած խաղաղապահները: Ապացույց. 1) Թուրքերը գողանում են հայերին և ներկայացնում նրանց որպես «գերի». և որտե՞ղ է «Ռուսաստանի կողմից երաշխավորված հայերի անվտանգությունը»: 2) Խծաբերդը, Հին Թահերը (Հադրութի շրջան), Մեծ Շենը, Հին Շենը (Շուշիի շրջան) և այժմ Կապան քաղաքի մի մասը (օդանավակայանի մոտ) և Շուռնուխ գյուղի մի մասը (սա արդեն Հայաստան է…) օկուպացնելու թուրքերի վերջին փորձերը, գումարած լուրեր Կարմիր Շուկա ավանին (ԼՂՀ Մարտունու շրջան) սպառնացող վտանգի մասին. արդյո՞ք դա է «հայերի անվտանգությունը»: 3) Վերջապես, սերբական Կոսովոյի և Մետոհիայի երկրամասի ողբերգական օրինակը. ոչ մի խաղաղապահներ չեն փրկել ուղղափառ քրիստոնյաներին բռնությունից, տեղահանությունից և, ընդհանրապես, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ: Վլադիմիր Պուտին, Դուք պարտավոր եք բացատրել, թե ինչ է ձեր ընկալմամբ նշանակում «ռուս խաղաղապահները դարձել են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր» արտահայտությունը: Հայերին շարունակելո՞ւ են անպատժելիորեն առևանգել և ըստ էության վերածել պատանդների: Չէ՞ որ ձեր զորքերը չեն խառնվում, նրանք նույնիսկ չեն սպառնում կրակ բացել թուրքերի ուղղությամբ, այսինքն՝ աջակցում են նրանց: Թուրքերը շարունակելո՞ւ են ընդլայնել իրենց օկուպացիայի գոտին Արցախում՝ «երաշխավորված անվտանգության մասին» ձեր արտահայտության «քողի տակ»: Վերջապես, գուցե ձեր խաղաղապահները դրա համարն էլ տեղակայվել են Արցախում, որպեսզի այս տարածաշրջանում թուրքերը կրկնեն այն, ինչ իրենք և ՆԱՏՕ-ն ալբանացի մահմեդականների հետ միասին առանձնակի չարամտությամբ իրագործել են Կոսովոյում և Մետոհիայում, այսինքն` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Քաջություն ունեցեք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, և այն, որ Դուք ինքներդ ժամանակին խոստովանել եք, որ «վատ քրիստոնյա եք». հնարավորինս բաց պատասխանեք այս երեք հարցերին: Առանց այս երեք հարցերը լուծելու, ոչ ոք ոչ մի մակարդակում պարզապես իրավունք չունի խոսել Անդրկովկասի հայերի «երաշխավորված անվտանգության» մասին՝ հաշվի առնելով, որ Երևանում դավաճաններ են իշխանության ղեկին…

Սերգեյ Շաքարյանց