Փաշինյանը չեղարկեց այցը Գորիս, Կապան և Մեղրի. նրա առաջ ճանապարհները փակ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ աշխատանքային օրը պետք է անցկացներ Սյունիքի մարզում, այցելեր Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ, հանդիպեր սյունեցիներին, եղավ միայն Սիսիանում։

Վաղ առավոտից սյունեցիները փակել են ճանապարհները՝ թույլ չտալով Փաշինյանի մուտքն իրենց հայրենիք։

Փաշինյանը մուտք գործեց միայն Սիսիան, որտեղ հավաքված ժողովրդին ասաց, թե ճանապարհը փակել են, որովհետև գիտեն, որ Գորիսում էլ, Կապանում էլ, Մեղրիում էլ իր աջակիցների հավաքը կլինի։

«Գործարք եմ առաջարկում, թող բացեն ճանապարհը, գնանք տեսնենք՝ ինչ տրամադրություն է այդ քաղաքներում։ Եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք։ Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, դուք շատ ավելիին եք արժանի, ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը չի կարողացել անել և երկիրը հասցնել նրան, ինչին արժանի եք»,- նշեց Փաշինյանը։

«Բայց ասում եմ՝ մենք սադրանքների չենք տրվելու, ոչինչ, Մեղրին էլ է իր տեղում, Կապանն էլ, Գորիսն էլ։ Եթե իրենք գործարքը չեն ընդունում՝ բացեն ճանապարհը, գնանք Գորիս, Կապան, տեսնենք հավաք կլինի, թե չէ, եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք»,- ասաց վարչապետը։