Արձակուրդ եկած ժամկետային զինծառայողների ծնողները թույլ չեն տալիս իրենց որդիներին նորից Արցախ տանել. ակցիա ՀՀ կենտրոնական հավաքակայանի մոտ

Panorama.am-ը գրում է. «Արձակուրդ եկած ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կենտրոնական հավաքակայանի մոտ՝ պնդելով, որ թույլ չեն տա իրենց երեխաների կրկին Արցախ տանել։

«Թող Հայաստանում շարունակեն ծառայել, ի՞նչ Արցախ։ Կռված, վիրավոր երեխեքին ինչի՞ պիտի թույլ տանք, որ նորից գնան»,- ասում են ծնողները։

Ծնողներից մեկը, որ միայն իր անունը հայտնեց՝ Սամվել, տեղեկացրեց, որ իր երեխան վիրավոր է, և այսօր նորից, կիսաբուժվել ուզում են տղային տանել Արցախ։

«Ես ընդհանրապես դեմ եմ, որ մեր երեխեքին Ղարաբաղ տանեն»,- ասաց նա։

Պարոն Սամվելի այս հայտարարությանը հաջորդեց մի քանի տասնյակ ծնողների արձագանքը. «Մենք բոլորս էլ դեմ ենք, որ մեր երեխեքին տանեն Ղարաբաղ»։

Նրանք պնդում են, որ իրենց երեխաները պետք է ծառայությունը շարունակեն Հայաստանում։

«Թող մնան Հայաստանում, հա՛մ ծառայեն, հա՛մ բուժվեն։ Հետո, մի երկու-երեք ամիս պետք է էդ երեխաներին, որ հոգեբանեորեն վերականգնվեն։ Էսօր իմ երեխեն չի կարողանում գիշերը քնել, ատամները կռճտացնում է, ու ահավոր վիճակում է, չհաշված, որ թոքերը պետք է բուժեն»,- ներկայացրեց պարոն Սամվելը։

Զինծառայողներից մեկի հայրն էլ՝ պարոն Կարենը, նշեց, որ ՊՆ-ից գեներալ Բաղդասարյանն ասել է՝ երեխաներին պետք է նախ ՀՀ տարածքում գտնվող երեք զորամասեր տեղափոխեն, իսկ երբ իրավիճակը կայունանա, արդեն կորոշեն՝ ինչ կլինի։

«Փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ, ասում է՝ իբր պիտի երեխաներին մարզերում կցրեն, հետո արդեն կորոշեն՝ ուր են տանում։ Բայց կարող է տասը օրից որոշեն ու տանեն Արցախ»,- նշեց նա, ապա հավելեց, որ իրենց նույն պահանջով այս պահին ՊՆ-ի մոտ 240 ծնողներ իրենց ձայնն են հնչեցնում։

Նա նաև ասաց, որ ՊՆ-ից ասում են, թե Արցախը հայ զինվորների կարիքն ունի. «Բայց եթե Արցախը մեր երեխաների կարիքն ունի…, հիմա մեր երեխաները հոգեբանորեն պատրաստ չեն, հիվանդ են, չեն կարող գնալ։ Իմ երեխայի նյարդային համակարգը խախտված է, արդեն 4 չաստ փոխեց իմ երեխան, հո մանկապարտեզ չի՞»։

Ժամկետային զինծառայողներից մեկի ծնողն էլ ասաց, որ ինքը ՊՆ գեներալին հարց է ուղղել, թե Արցախն իրավաբանորեն ո՞ւմ տարածքն է, բայց որևէ հստակ պատասխան չի հնչել։

«Մոսկվան հայտարարում է, որ Արցախը իրավաբանորեն Ադրբեջանի տարածք է, ինչո՞ւ իմ երեխան գնա ու ծառայի Ադրբեջանի տարածքում։ Պատճառը ո՞րն է։ Ոչ մի պատասխան չեղավ»,- ասաց նա։

Ծնողներից մեկն էլ հստակեցրեց՝ իրենց միակ պահանջն է, որ իրենց երեխաները ծառայեն ՀՀ-ում.

«Եվ ամենակարևորը, միայն առողջ երեխաները պետք է ծառայեն։ Հիմա մեր երեխաների մեծ մասը հաշմանդամություն ունեն, վախեցած են և ունեն հոգեբանի և հոգեբույժի ճիշտ բուժման կարիք։ Մեզ հարկավոր է առողջ բանակ»։

Նրա խոսքին հաջորդեց պարոն Կարենի խոսքը, ում որդին վիրավոր է եղել և բուժում է ստացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հիվանդանոցում։

«Չէր կարողանում շնչել-արտաշնչել, գալիս էին անալգին սրսկում, գնում։ Դա՞ է զինվորի բուժումը, հա՞։ Վիրավորին անալգին-դիմեդրոլո՞վ են բուժում»,- նշեց նա»։