Գերմանիայում ուժի մեջ է մտնում ամենախիստ «լոքդաունը»

Գերմանիայում դեկտեմբերի 16-ից ուժի մեջ են մտնում կարանտինային նոր միջոցառումներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով, որ այդ միջոցառումները միտված են կորոնավիրուսի տարածման տեմպը նվազեցնելուն:

Սահմանափակումները կգործեն մինչև հունվարի 10-ը, սակայն կարող են երկարաձգվել, եթե երկրում տեղի չունենա համաճարակային իրավիճակի զգալի բարելավում:

Խիստ «լոքդաունի» մասին որոշումն ընդունվել էր դեկտեմբերի 13-ին՝ դաշնային հողերի վարչապետների հետ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը։

Ըսդ այդմ՝ որոշվել է մինչև հունվարի 10-ը փակել առևտրի կետերը, բացի մթերային, տնտեսական և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ վաճառող խանութներից։ Փակ կլինեն նաև գեղեցկության, մերսման սրահները և նմանատիպ այլ հաստատություններ։ Բարերն ու ռեստորանները կշարունակեն փակ մնալ, իսկ բանկերը, դեղատները, թերթի կրպակները և փոստային բաժանմունքները կշարունակեն աշխատել։
Դպրոցները և մանկապարտեզները ևս փակ են դեկտեմբերի 16-ից: