«Սամվել Բաբայանը միշտ է օգտագործվել և օգտագործվել է բոլորի կողմից, բայց քանի որ իրեն Ռուսաստանն ու Արցախն արդեն մերժել էին, որոշեց Նիկոլի հանձնարարությամբ Աննայի հետ ծառայել թուրքերին». Գառնիկ Իսագուլյան

Երեկ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին նախագահ Սամվել Բաբայանը հարցազրույց էր տվել նախկին ազատամարտիկ-լրագրող Սուրեն Սարգսյանին, որում Արցախի կապիտուլյացիայի, Ջաբրայիլի և Շուշիի օպերացիաների ձախողման իր պատճառներն էր նշել, նաև ըստ էության պատասխանել էր գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին և «Ազգային անվտանգությոն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններին:

Վերջինիս 168.am-ը խնդրեց մեկնաբանել Սամվել Բաբայանի հայտարարությունները:

«Որևէ խոսք, որևէ փաստարկ, որ կհակասեր նրան, ինչ ես ասել եմ, Սամվել Բաբայանը չի բերում: Հետաքրքիր է ուղղակի Սամվել Բաբայանից ստանալ մի քանի հարցադրումների պատախաններ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը զրույցի սկզբում:

Վերջինս կասկածում է, որ այնպես, ինչպես Սամվել Բաբայանը պատասխանում էր Սուրեն Սարգսյանի` նախօրոք մշակված հարցերին` քարտեզով, ամենայն մանրամասնությամբ, կպատասխանի նաև իր հարցադրումներին:

«Հարց 1-ին` արդյո՞ք իր ունեցած մանրամասներին տիրապետել է նաև Աննա Հակոբյանը, թե՞ ոչ: Իմ հիմնական ասածն այն է եղել, որ ամբողջ պատերազմի ընթացքում ինքը Աննա Հակոբյանի հետ միասին բունկերից բունկեր են անցել` դրա իրավունքը չունենալով, ու Սամվել Բաբայանը դրան չանդրադարձավ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` կրկնելով իր հարցը` որտե՞ղ է եղել այն ժամանակ Աննա Հակոբյանը, երբ Սամվել Բաբայանը մշակել է ռազմական գործողություններ, իսկ որ շատ գործողություններ կատարվել են նրա անմիջական խորհրդատվությամբ, Արցախի նախկին ԱԽ քարտուղարը չհերքեց:

Ըստ նրա` թեպետ իր խոսքերը Սամվել Բաբայանը համեմում էր` Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հասցեին գովեստներ ծռայլելով, սակայն դա չի չեղարկում առկա հարցադրումները:

«Ասաց, թե Ջալալը 19 տարեկան զինվորի լեյտենանտի կոչում է տվել, բայց ինքը հաստատ չգիտի, որ ես այդ տղայի ծնողին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ` ինչը ինչպես է եղել: Այո, այդ տղային`որպես լավ կազմակերպչի, տվել է կոչում, բայց դա կապ չունի այն բանի հետ` փախե՞լ է հրամանատարը, թե՞ ոչ»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով` Սամվել Բաբայանը չխոսեց այն հարցերի մասին, որոնք իրեն ձեռնտու չէին:

«2 տարի և 8 ամիս նախկին իշխանությունները չկան: Նա չխոսեց անիմաստ վատնված 130 միլիոն դոլարի մասին, որով գնվել էին ՍՈՒ-30-երը, Արաբական Էմիրություններից 30 միլիոնով բերված զենքերի մասին ոչինչ չասաց: Չէ՞ որ այն ծրագրերը, որոնց մասին խոսում էր Մովսես Հակոբյանը, վերաբերում էին նրան, ինչ հետագայում պետք է ձեռք բերեին` հաշվի առնելով Ապրիլյան պատերազմը»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը` տարակուսելով, որ շատ լավ տիրապետելով Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիների իրավիճակին, չի խոսում դրա մասին:

Գառնիկ Իսագուլյանը կրկին հարց է ուղղում Սամվել Բաբայանին` հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է Նիկոլ Փաշինյանին համոզել, որ պետք է պատերազմը կանգնեցնել, երբ հայկական կողմը դեռ այսքան զոհեր չուներ, ո՞ւմ հետ է խորհրդակցել Նիկոլ Փաշինյանը, որ չի կատարել այդ պայմանավորվածությունները, այլ որոշել է շարունակել պատերազմը:

«Արդյո՞ք Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանն այդ ժամանակ միասին ինչ-որ տեղում էին գտնվում, նրանց հետ կապվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` զարմանալով, որ բարձրացրած այս հարցերը Սամվել Բաբայանը շրջանցում է:

Նա նորից հիշեցրեց, որ արդեն ասել է` Ջալալ Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ:

«Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախորդ գիշեր Ջալալ Հարությունյանը եղել է Աննա Հակոբյանի մոտ կամ հակառակը. էական չէ: Որտե՞ղ էր այդ ժամանակ Սամվել Բաբայանը, և ինչպե՞ս է եղել, որ 3 անգամ Ջալալ Հարությունյանի կոորդինատները թուրքերը հստակ իմանում են և հստակ խոցում են հենց այդ տեղը: Ես հարցադրումներ եմ անում` դա խանդի՞ արդյունք է, սիրո՞, թե՞ մեկ այլ բանի»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով լրագրող Սուրեն Սարգսյանի այն խոսքին, թե ինքը կռվել է Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո, Գառնիկ Իսագուլյանը հարցնում է` թե այդ ո՞ր թվականից են նրանք իրար ճանաչում, և ո՞ր ճակատամարտում է Սուրեն Սարգսյանը կռվել Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո, երբ բոլորը գիտեն, որ այն տարածքները, որ մենք հիմա կորցրել ենք, ժամանակին ազատագրվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի և Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ: Վերջինիս նկատմամբ Գառնիկ Իսագուլյանի խոսքով`որս էր սկսել ու հանձնարարել էր սպանել Սամվել Բաբայանը:

«Հիմա ես չգիտեմ` սա Արթուր Աղաբեկյանը կհաստատի՞, թե՞ չէ, բայց ինքը շատ լավ գիտի, որ սրա մասին գիտեին Իգոր Մուրադյանն («Ղարաբաղ» կոիտեի անդամ-Ա.Վ.) ու Գառնիկ Իսագուլյանը: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Արթուր Աղաբեկյանը Ղարաբաղից տեղափոխվեց Հայաստան, որովհետև Սամվել Բաբայանը որոշել էր սպանել նրան: Բայց հիմա էդ նույն Սյամոն բացահայտումներ է անում»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի այն պնդմանը, թե հրամանատարական կազմը փոխվել է ոչ թե մեկ, այլ 10 տարում` Գառնիկ Իսագուլյանը շեշտեց` ամբողջ հրամանատարական կազմը փոխել է Նիկոլ Փաշինյանը:

«Թող ինքը հերթով 10 տարում փոխածների անունները տա: Ո՞ւմ են փոխել` Լևոն Մնացականյանին, Մովսես Հակոբյանին, Ջալալ Հարությունյանին… ո՞ւմ, թող մեկ անուն տա: Բացի իրենից, ում որպես հանցագործ-մարդասպանի, որը մահափորձ էր կազմակերպել երկրի նախագահի դեմ, ուղղակի զրկել են պաշտոնից ու բոլոր կոչումներից, ուրիշ ո՞ր հին կռվողին են գործից հանել, թող ասի այսպես կոչված «կամանդույուշչին»»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` ակնարկելով, թե ինչպես է նա ստացել այդ մականունը, ինչ առաքելություն է իրականացրել Արցախում, և արդյո՞ք հայտնի հրամանատարներ Բեկորին, Նորայրին շարքից հանելու մեջ նա դերակատարություն չունի:

Գառնիկ Իսագուլյանը չմանրամասնեց, թե ինչ առաքելության մասին է խոսքը, ասաց, որ հետո կխոսի այդ մասին:

«Սրանք շատ լուրջ խնդիրներ են, և այո, պետք է քրեական գործեր հարուցվեն նախկինում տեղի ունեցած բոլոր դեպքերի առնչությամբ, և տեսնենք` որտեղ կհայտնվի Սամվել Բաբայանը: Ցավոք սրտի, Արցախյան առաջին պատերազմից հետո քաղաքական որոշում կայացվեց շատ բաների վրա աչք փակել, առաջին պլան չբերել` կայունությունը չխաթարելու համար, բայց կյանքը ցույց տվեց, որ նա հետո մահափորձ կազմակերպեց Արկադի Ղուկասյանի, Սերժ Սարգսյանի դեմ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ մի քանի օր առաջ Սամվել Բաբայանը եղել է կառավարությունում Նիկոլ Փաշինյանից հրահանգ ստացել` ինչ խոսել:

Ըստ նրա` Սամվել Բաբայանը միշտ է օգտագործվել և օգտագործվել է բոլորի կողմից, բայց քանի որ իրեն Ռուսաստանն ու Արցախն արդեն մերժել էին, որոշեց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Աննա Հակոբյանի հետ միասին ծառայել թուրքերին:

«Սամվել Բաբայանին հիեցնենք, որ երբ ուրիշների փողերը յուրացրած` ինքը փախած էր Հայաստանից, սկայպով օր ու մեջ զանգում էր ինձ: Դրա վկաներն են Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը ու էլի շատ-շատերը: Ես կբացահայտեմ նաև այդ զրույցերի բովանդակությունը, թե ինչի էր նա դրդում Ժիրայր Սեֆիլյանենց, «Սասնա ծռերին», ու ոնց էր դա մեկնաբանում, ինչ սադրանքների էր ուզում դիմել: Շատ մարդիկ են ներկա եղել մեր զրույցներին, երբ ես նրան համոզում էի, որ հանցագործություն է պետության գոյության պայմաններում որևէ մեկի` դատավորի կամ քննիչի դեր ստանձնելը»,- եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը: