Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 13)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ 

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև  հետևյալ փաստով:

Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ՊՆ կայքում հրապարակեց Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը, որում, բացի Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ռազմաօդային բազայից, ուղղաթիռային ավիաէսկադրիլիայից, նշված են նաև Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ-ն, ներքին զորքերի առանձնահատուկ նշանակության բրիգադը, ՊՆ մարտական կառավարման կենտրոնը, ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակը, ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազան, Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարանը, ավիացիոն վերանորոգման գործարանը և հրետանու սպառազինության վերանորոգման գործարանը:

Ընդգծեմ, որ Գյանջայի լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը հրապարակվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱՀ պաշտպանության բանակից բացի, նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերին, դրանցում նաև բնակելի շենքերին, հիվանդանոցներին, հանրային նշանակության այլ օբյեկտներին (ներառյալ ` Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին), քաղաքացիական ենթակառուցվածքներին շուրջ 20 օր հրթիռա-հրետանային, ռմբային թիրախավորված, ավերիչ հարվածներից հետո միայն: Մինչդեռ նշված ցանկը պետք է հրապարակվեր, կամ, առանց հրապարակելու, վերոնշյալ նշանակետերին պետք է հարվածներ հասցվեին պատերազմի հենց առաջին օրվանից` չանտեսելով նաև 2020թ. հունիսին ՀՀ անվտանգության խորհրդում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի առաջարկությունը , որ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, «մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից» (ընդգծումը` մերը):

ԱՀ ՊՆ-ի կողմից վերոնշյալ ցանկի հրապարակումը, սակայն, եղավ ինքնանպատակ, Ադրբեջանին ուղղված սին սպառնալիք, թե, ահա, տեսեք մեզ համար լեգիտիմ ձեր այն ռազմական նշանակետերը, որոնց հարվածելու իրավունք մենք մեզ վերապահում ենք: Նույնիսկ այդ ցանկի հրապարակումից հետո էլ դրանում նշված թիրախները շարքից չհանվեցին, ինչը փաստվում է նաև նրանով, որ տվյալ ցանկի հրապարակումից մոտ 2 շաբաթ հետո, հոկտեմբերի 29-ին Պաշտպանության բանակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած մեկ այլ, ընդլայնված ցանկում նույնությամբ կրկնեց Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը:

Երկրորդ ցանկում Գյանջայի հիշյալ թիրախներին հավելեցին նաև Ադրբեջանի Բարդա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը` 1-ին ԲԿ շտաբ, վերանորոգման գումարտակ, կապի առանձին գումարտակ, զենիթահրթիռային դիվիզիոն, տանկային բրիգադ, ակատանկային դիվիզիոն: Սակայն մինչև պատերազմի ավարտ, հետագա շուրջ 10 օրվա ընթացքում Ադրբեջանի տարածքում գտնվող վերոնշյալ թիրախներից որևէ մեկը շարքից չի հանվել, քանի որ այդ մասին ոչ միայն ադրբեջանական, այլև թշնամուն հասցված հարվածներն ուռճացված ներկայացնելու քաղաքականություն վարող հայկական կողմը որևէ տեղեկատվություն չի հրապարակել:

Հիշեցնենք նաև, որ ԱՀ պաշտպանության նախարարությունը դեռ ս. թ. հոկտեմբերի 11-ին հանդես եկավ հաղորդագրությամբ , որ «Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ»:

Վերոնշյալ թիրախները շարքից չեն հանվել կամ այն պատճառով, որ Հայաստանն Արցախին չի տրամադրել համապատասխան հրթիռային համալիրները, կամ էլ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի ղեկավարությանն արգելվել է Արցախի ՊԲ ունեցած միջոցներով հիշյալ թիրախներին հարվածելը: Հավելեմ, որ ՀՀ զինված ուժերն «Իսկանդերն» օգտագործելով, իրենք էլ կարող էին հարվածել վերոնշյալ թիրախներին, շարքից հանել դրանք, սակայն դա չեն արել, չնայած այն իրողությանը, որ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 14-ին արդեն իսկ թիրախավորել էր ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելին. չնայած նույն օրը ՀՀ ՊՆ այն պաշտոնական հայտարարության, որ «այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ», ՀՀ ԶՈւ-ն հիշյալ ցանկերում նշված Ադրբեջանի թիրախները շարքից չի հանել:

Պատերազմը հաղթանակով ավարտելու, թշնամուն առնվազն զսպելու, ավելին` պարտությունից, խայտառակ և ահավոր հետևանքներով կապիտուլյացիայից խուսափելու համար խիստ անհրաժեշտ ու հնարավոր վերոնշյալ ռազմական գործողությունները չկատարելու համար, ուշ թե շուտ, պետք է պատասխան տալ:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան