Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 12)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև  հետևյալ փաստով:

Ռուսաստանից բացի, Հայաստանն աշխարհում միակն է, որ ունի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիր` տվյալ տեսակի մեջ աշխարհում լավագույնն է իր բնութագրերով, հատկապես, թշնամու կողմից անխոցելի լինելով ու թիրախին խոցելու ճշգրտությամբ, այսինքն` երաշխավորված, ճշգրիտ ու  հզոր հարվածի կարողությամբ: Սակայն այդ ահեղ զենքը պատերազմի ընթացքում այդպես էլ ուղղակիորեն կամ Արցախի ՊԲ-ին տրամադրելու միջոցով չի օգտագործվել Ադրբեջանի Լոքբաթանի և Քյուրդամիրի ավիաբազաները, «Արազ» ռազմաարդյունաբերական համալիրը, որպես ռազմական տեխնիկայի վերանորոգման կետ օգտագործվող Բայլական (Բեյլագան) քաղաքի զորամասերից մեկը, տանկերի, այլ զրահատեխնիկայի, հրետանային միջոցների վերանորոգման խոշոր բազան (տեղակայված Բաքվի հարավ-արևելքում, Ղարադաղի շրջանում), ինչպես նաև  ռազմավարական նշանակության բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ, օբյեկտներ շարքից հանելու համար:

Թե իրենցից ինչ են ներկայացնում Լոքբաթանի և Քյուրդամիրի ավիաբազաները, համառոտ տեղեկացրել է հայկական ռաղմական պորտալը` Razm.info-ն: Վերջինս նշելով , որ որոշ հանգամանքներ կարող են ավիաբազան թերագնահատելու պատճառ դառնալ, հավելել է. «սակայն իրականում Լոքբաթանն ադրբեջանական ԱԹՍ-ների բազա է, որոնք կայանվում են նորակառույց երկու անգարներում։ Մասնավորապես այստեղ են տեղակայված Heron ԱԹՍ-ները, ինչպես նաև դրանց կառավարման հանգույցները»։

Ինչ վերաբերվում է «Իսկանդերը» չօգտագործելուն և Քյուրդամիրի ավիաբազան նույնպես շարքից չհանելուն, ապա այդ կապակցությամբ Razm.info-ն գրել է .

«Ավիաբազան գտնվում է Ադրբեջանի գրեթե կենտրոնում, Քյուրդամիր քաղաքից մոտ 5կմ հարավ։ Արցախի նախկին սահմաններից հեռավորությունը կազմում է մոտ 100կմ։

Պատերազմը սկսելու պահին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կային 39 միավոր Սու-25 գրոհիչներ։ Այդ ինքնաթիռներից առնվազն 4-ը տեղակայված են Նախիջևանում, իսկ մնացած 35-ի մշտական տեղակայման վայրը Քյուրդամիրի ավիաբազան է։ Սու-25-երից բացի ավիաբազան զինված է նաև ավելի քան 2 տասնյակ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներով, ինչպես նաև Մի-8/Մի-17 տիպի ուղղաթիռներով։

Բացի այս, Քյուրդամիրը նաև անցումային օդանավակայան է Բաքվի ու Սումգայիթի մերձակայքի Նասոսնիի, Ղալայի ու Սանղաչալի ավիաբազաներից ինքնաթիռների ու ուղղաթիռների ռազմաճակատ տեղափոխման համար»։

Գտնվելով Արցախի նախկին սահմաններից ընդամենը մոտ 100 կմ հեռավորության վրա, Քյուրդամիրի ավիաբազան, ինչպես Եվլախի ռազմական օդանավակայանը, փաստորեն խոցելի է եղել ոչ միայն «Իսկանդեր»-ի, այլև հայկական կողմի ունեցած ու թիրախներին բավարար ճշտությամբ հարվածելու ունակ «Точка-У»-ի կողմից, սակայն այդ մարտավարական հրթիռային համալիրը նույնպես չի օգտագործվել նշված թիրախները շարքից հանելու նպատակով:

Վերոնշյալ փաստերը հերթական ապացույցներն են այն իրողության, որ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը, թերևս նաև այլ պաշտոնյաներ Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության պաշտոնական կարգավիճակն ու դերակատարումը` Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ըստ էության, վերածել են ձևականության, ձևական կարգախոսի:

Այսինքն` Փաշինյանի ու Տոնոյանի դիտավորությամբ ու մեղքով ՀՀ-ն Արցախի հանդեպ անվտանգության երաշխավորի իր պարտականությունը չի կատարել այն չափով, որը թույլ կտար ապահովել Արցախի անվտանգությունը և նույնիսկ խայտառակ պարտության փոխարեն, հաղթանակ ապահովել, առնվազն` Ադրբեջանին ստիպել պատերազմն ավարտել կարճ ժամկետում ու զինադադարի պայմանագիր կնքել; Դա թույլ կտար խուսափել մարդկային, ռազմատեխնիկական, նյութական, տնտեսական այն ահռելի կորուստներից, որ ունեցանք շուրջ մեկուկես ամիս տևած պատերազմի ընթացքում, ինչպես նաև այն քաղաքական ու բարոյահոգեբանական և այլաբնույթ ծանրագույն վնասներից, որ ունենք և առաջիկայում դեռ ունենալու ենք:

Մեր ունեցած «Իսկանդեր» հրթիռային համալիրները գործի չդնելու, այդ և այլ հրթիռային համալիրներով Razm.info-ի նշած ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները, օբյեկտները շարքից չհանելու նպատակը եղել է պատերազմը հայկական կողմի համար խայտառակ և ահավոր հետևանքներ ունեցող պարտությամբ ավարտելը (ինչն արդեն իրականություն է հայտնի պայմանավորվածություններն արտահայտող կապիտուլյացիոն հայտարարությամբ), նշված պարտությամբ տարածաշրջանում և աշխարհում Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական և այլ շահերի սպասարկումը:

Ավելին. միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանի և այլոց կողմից եղել է նույնիսկ ոչ թե Արցախի տարածքի գերակշիռ մասը, այլև ողջ Արցախի Հանրապետությունը ձևականորեն, կիսատ- պռատ վարվող, այսինքն` «բեմականացված» ու պարտվողական պատերազմի արդյունքում Ադրբեջանին հանձնելու ծրագիր` աշխարհաքաղաքական հեռուն գնացող ու շատ նենգ նպատակներով, որի իրագործումը կանխվել է Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Նախաքննության մարմինը պարտավոր է պարզել հիշյալ ծրագրի առկայության հարցը:

Անշուշտ, այնպես չէ, որ ՀՀ զինված ուժերն ընդհանրապես չեն օգնել Արցախին, այնպես չէ, որ ՀՀ-ն ընդհանրապես չի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականությունը, բայց դա Փաշինյանի, Տոնոյանի, թերևս նաև այլ պաշտոնյաների կողմից կատարվել է մասնակիորեն ու դրանով իսկ ձևականորեն, որպեսզի մեր հաղթանակի կամ առնվազն` պատերազմն արագորեն ու հայկական կողմի շահերը չվնասող, չվտանգող զինադադարի պայմանագրով ավարտելու փոխարեն, ապահովվեն մեր պարտությունը և կապիտուլյացիոն հայտարարությունից բխող այն բոլոր վնասներն ու վտանգները, որոնք դեռ առջևում են:

Չնայած համապատասխան սպառազինությունն ունենալուն, այն Արցախին չի տրվել և այնտեղից գործի չի դրվել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հենց Արցախում ունենալով համապատասխան կարողությունները, չեն խոցվել Ադրբեջանի տարածքում գտնվող թշնամու ռազմավարական նշանակության թիրախները: ՀՀ և ԱՀ ղեկավարների, պաշտպանության պատասխանատուների կողմից խիստ անհրաժեշտ գործողությունների փոխարեն, եղել են Արցախի ՊԲ-ի և Հայաստանի ՊՆ-ի, նրա համապատասխան պաշտոնյաների` հանրությանը մոլորեցնող հայտարարություններ ու սին հոխորտանքներ:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան