Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 11)

Հաղորդում հանցագործության մասին

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև  հետևյալ փաստով:

Փաստորեն ունենալով ոչ միայն «Искандер»-ով, այլև «Точка-У» հրթիռային համալիրով կամ «Смерч» ՀԿՌՀ-ով Եվլախի օդանավակայանը շարքից հանելու, ռազմավարական նշանակության մյուս ենթակառուցվածքները ոչնչացնելու հնարավորություն, ԱՀ պաշտպանության բանակն ու ՀՀ զինված ուժերը չեն օգտագործել իրենց այդ հնարավորությունը: Նրանք այդպիսով թույլ են տվել, որ թշնամին նշված օդանավակայանը, այնտեղ տեղակայված բազմաթիվ ԱԹՍ-ները, երկաթուղային կայարանը, ռազմավարական նշանակության երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներն օգտագործելով, պատերազմում նաև դրանց միջոցով էական առավելություն ձեռք բերի հայկական կողմի նկատմամբ, մեզ մի քանի հազարի հասնող մարդկային, ռազմատեխնիկական և այլ բնույթի ահռելի կորուստներ պատճառի:

Արցախի ՊԲ-ն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև այդպիսով թույլ են տվել, որ թշնամին գրավի ԱՀ տարածքի շուրջ 73 տոկոսը, տարաբնույթ և լուրջ վնասներ պատճառի նաև Հայաստանի Հանրապետությանը, ի վերջո, պատերազմն ավարտի իր հաղթանակով և հայկական կողմի խայտառակ ու մեր համար դեռ լրջագույն հետևանքներ ունեցող կապիտուլյացիայով:

2020թ. հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարեց, թե «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»: Ընդգծենք, որ խոսքն այն օդանավակայանի մասին է, որտեղ հենց նույն օրվա դրությամբ դեռ գտնվում էին Թուրքիայի մի քանի F-16 կործանիչներ: Այդ և հաջորդած օրերին համացանցում հայտնված տեսանյութերից Razm.info -ն եզրակացրել է, որ Գյանջայի օդանավակայանին հարվածները հասցվել են «Սկադ» հրթիռներով։ «Ընդ որում՝ ակնհայտ դարձավ, որ օդանավակայանին նշանակալի վնաս չի հասցվել»,- գրել է Razm.info-ն ու կարևոր տեղեկություններ հայտնել Գյանջայի` հօդս չցնդած ռազմական օդանավակայանի մասին.

«Օդանավակայանը գտնվում է քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Ի սկզբանե, խորհրդային տարիներին, այն երկակի նշանակության էր։ Ադրբեջանում տևական ժամանակ այն օգտագործվում էր բացառապես քաղաքացիական նպատակներով, սակայն վերջին շրջանում այն սկսվեց նորից օգտագործվել և՛ քաղաքացիական, և՛ ռազմական նպատակներով։ Մասնավորապես թուրք-ադրբեջանական զորավարժությունների սկզբից հենց այստեղ տեղակայվեցին թուրքական F-16 կործանիչները։ Արցախից հրթիռային հարվածից հետո այդ կործանիչները տեղափոխվեցին այլ օդանավակայան։

Եթե «Սկադի» հրթիռները կպնեին իրենց թիրախին, ապա օդանավակայանը թեև հօդս չէր ցնդի, սակայն F-16-երի ոչնչացումն էապես կթեթևացներ մեր հակաօդային պաշտպանության խնդիրը։ Հիշեցնենք, որ այդ F-16-երը հենց ՀՕՊ ճնշելու համար մասնագիտացած թուրքական 151-րդ ու 152-րդ էսկադրիլիաներից էին։

Սակայն հարցն այն է, որ «Սկադի» հրթիռների գործարանային հավանականային շեղումը 450 մետր է։ Այս պայմաններում մի քանի հրթիռներով ակնկալել օդանավակայանի երաշխավորված խոցում՝ անհնար է։ Մինչդեռ «Իսկանդերի»‰ դեպքում հավանականային շեղումը չի գերազանցում մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքում՝ անգամ մի քանի մետրը»։

Այն, որ Գյանջայի ռազմական օդանավակայանն իրականում հօդս չի ցնդել կամ նույնիսկ  շարքից չի հանվել, այսինքն` Արցախի նախագահի մամուլի քարտուղարը ստել է, կեղծ կամ ծայրահեղ չափազանցված, մոլորեցնող տեղեկատվություն է հայտնել հանրությանը, հոկտեմբերի 4-ից մոտ երկու շաբաթ հետո անուղղակիորեն խոստովանեց Արցախի պաշտպանության նախարարությունը: Հոկտեմբերի 17-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկում  նշված են նաև Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ռազմաօդային բազան, ուղղաթիռային ավիաէսկադրիլիան:

Ավելին. Պաշտպանության բանակը վերոնշյալ հրապարակումից էլ դարձյալ մոտ 2 շաբաթ հետո, հոկտեմբերի 29-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած մեկ այլ, ընդլայնված ցանկում , Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի թվում վերստին նշեց` «ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա», դրանով իսկ վկայելով, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հոկտեմբերի 29-ի դրությամբ էլ դեռ շարքից հանված չէր: Նշված օդանավակայանը դրանից հետո էլ շարքից չհանվեց:

Բնականաբար, հարց է առաջանում` ինչի՞ համար էր այս «թատրոնը», Պաշտպանության բանակն ինչո՞ւ էր Ադրբեջանում գտնվող լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկ, ավելին` ցանկը ցանկի հետևից հրապարակում, եթե շարքից չէր հանելու դրանում նշված թիրախները: Այսպիսով վերոնշյալ ցանկերի հրապարակումն ունեցել է ձևական բնույթ և մեր հասարակությանը մոլորեցնելու նպատակ, իսկ իրականում չի արվել խիստ անհրաժեշտը, կամ էլ Արցախի ՊԲ-ում իսկապես եղել է նշված թիրախները շարքից հանելու նպատակ, սակայն դա ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Տոնոյանը թույլ չեն տվել: Թե թույլ չտվողը որոշակի ով կամ ովքե՞ր են եղել, պետք է պարզի նախաքննությունը:

Ավելին. չնայած հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժի արդեն նախահարձակ լինելուն և ՀՀ տարածքում, Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորմանը, ՀՀ արտգործնախարարության արձանագրմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ ագրեսիային, ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ եղած միջոցներով ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները համարժեք պատասխանի արժանացնելու վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի և ԱԳՆ-ի նախազգուշացումները գործի չվերածվեցին, այդպես էլ մնացին դատարկ սպառնալիք, սին հոխորտանք:

Նշեմ նաև, որ «Իսկանդեր»-ից բացի, մեր մյուս հրթիռային համալիրներով վերը նշված մի շարք այլ թիրախներ հնարավոր չէր խոցել, քանի որ այդ համալիրների հրթիռների հեռահարությունը բավարար չէր տվյալ ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասնելու համար: Մենք կարող էինք պատերազմը ոչ թե մեր, այլ թշնամու կապիտուլյացիայով ավարտել, եթե «Իսկանդեր» և այլ հրթիռային համալիրներով ոչնչացվեին Razm.info-ի նշած թիրախները կամ նույնիսկ դրանց մի մասը:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան