ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առցանց ձևաչափով մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին, որն անց էր կացվում Նիդերլանդների նախագահությամբ:

Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը կարևորեց անկախ մամուլի դերը ժողովրդավարական հասարակություններում զսպումների և հակակշիռների համակարգի կենսունակության ապահովման գործում, անդրադարձավ նաև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված լրատվական գործունեության սահմանափակումներին և այլ մարտահրավերներին:

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշեց․ «Անկողմնակալ տեղեկատվության անհրաժեշտությունը շեշտակի աճում է ռազմական հակամարտությունների ժամանակ, ինչը դրսևորվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ընթացքում։ Հայաստանը և Արցախը օտարերկրյա լրատվամիջոցների ավելի քան 800 ներկայացուցիչների համար ապահովել են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և հասանելիություն։ Ցավոք, հակամարտության մյուս կողմը շարունակեց ազատ մամուլի դեմ իր սահմանափակումները և զբաղվեց ապատեղեկատվության տարածմամբ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները կոծկելու նպատակով։ Բացի այդ, պատերազմական առաջին շաբաթների ընթացքում ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Արմենիա» հեռուստաընկերության անձնակազմը և ռուս լրագրողների խումբը Արցախի տարբեր վայրերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծության և նպատակաուղղված թիրախավորման ենթարկվեցին՝ ստանալով ծանր վնասվածքներ։ Որոշ լրագրողներ ադրբեջանական սոցիալական հարթակներում ուղղակի սպառնալիքներ և Լեռնային Ղարաբաղից հեռանալու պահանջներ են ստացել։