Ցույցը կցրես, որ մարզպետ նշանակեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ, կեսօրից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։ Իշխանությունը, պարզվում է, լրջորեն պատրաստվել էր այդ ակցիաներին․ ոստիկանական մեծաթիվ զորքերից բացի, ջարդարար բրիգադներ էին հանվել, որոնք ֆիզիկական բռնության միջոցով ցրում էին ցուցարարներին։

Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երևան-Երասխ միջպետական մայրուղին բացելու հոգսն իր վրա էր վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրը՝ գործարար Ռազմիկ Թևոնյանը։ Նա և իր հրոսակախումբը, բառի բուն իմաստով, անցել էին ձեռնամարտի, որ բացեն փակված ճանապարհը։

Հիշեցնենք, որ Թևոնյանը հայտնի ճամբարափոխ է․ տարիներ առաջ նա լևոնական շրջանակների սիրելին էր, 2012-ին ՀԱԿ մեծամասնական ցուցակում էր, 2017-ի ընտրություններում Ռ․ Թևոնյանն Արարատում «Ելք»-ից էր առաջադրվել, իսկ 2018-ին որդին հայտնվեց «Իմ քայլում»։

Մեզ ասացին, որ Թևոնյանի երեկվա ծառայություններն անհատույց չեն մնա․ նա Արարատի մարզպետի թեկնածուն է։ Գարիկ Սարգսյանին Փաշինյանը վաղուց էր ուզում պաշտոնանկ անել։ Երեկ Թևոնյանն իր նշանակման մասին հարցին չպատասխանեց, բայց չհերքեց, որ անձամբ է ցույցը ցրել։

«Այսինքն՝ ո՞րն ա բռնությունը»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա, ապա զարմացավ՝ հո չէի՞ թողնելու միջպետական ճանապարհը փակ մնար։ Հարցրինք՝ 2018-ին, երբ իշխանության համար պայքար էր գնում, կարելի էր մայրուղին փակել, հիմա՝ ո՞չ։ «Այսինքն՝ ո՞նց․․․ էս երկրում հլա պատերազմը չի վերջացել, ես բան չանեի, հա՞»։ Երբ խնդրեցինք ասել, թե որտեղ է պատերազմ գնում, ասաց․ «Եկեք չասեմ, հա՞, ինձ թվում է՝ մենք ուրիշ ձև ենք մտածում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: