ԵԺԿ-ն կարևորել է պատերազմական հանգամանքների և ռազմական հանցագործությունների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կոււսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի նիստը, որի ընթացքում մանրամասն ներկայացրել եմ Արցախյան պատերազմի հանգամանքները եւ հետպատերազմական իրավիճակը։ Քննադատել եմ նաև եվրոպական և միջազգային կառույցների թույլ և ամհամարժեք արձագանքն այս պատերազմին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիստի արդյունքում տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԵԺԿ-ն նշել է.

«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը քննարկել է նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, վերահաստատելով իր լիակատար աջակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների հետ:

ԵԺԿ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը և դերը հակամարտության սրման գործում և աջակցությունը Ադրբեջանին, որպես Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից այն կողմ իրավիճակի ապակայունացման գործոն:

Կարևոր է պատերազմական հանգամանքների և ռազմական հանցագործությունների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը, այդ թվում նաև օգտագործելով ԵԽԽՎ գործիքակազմը և մեխանիզմները:

Եվրոպական Հանձնաժողովը պետք է հաշվի առնի Լեռնային Ղարաբաղի պատերազմի միջազգային հետաքննության ամբողջական զեկույցի արդյունքները Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներում:

Ներգրավված կողմերը պետք է արագացնեն ռազմագերիների, գերիների և մահացածների դիակների փոխանակման գործընթացը, իսկ Եվրոպական Հանձնաժողովին կոչ ենք անում օգտագործել դիվանագիտական ուղիները այս գործընթացը հեշտացնելու համար»:

Սա հետպատերազմյան շրջանում եվրոպական եւ միջազգային կառույցներից այս պահի դրությամբ ստացված ամենալուրջ , ամենաքաղաքական եւ ամենահայանպաստ ու հեռահար գնահատականներն են ադրբեջանա-թուրքական ագրեսիային։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Աշոտյանը։