Ստեփանակերտ ժամանած ռուս փրկարարների լրացուցիչ խումբը վաղվանից կսկսի հումանիտար առաքելության իրականացումը

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ ուժեր և միջոցներ են ուղարկվել Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:

«ՌԴ ԱԻՆ մասնագետները, որոնք այսօր ուղարկվել են Մոսկվայից Լեռնային Ղարաբաղում գերատեսչության խմբավորման համալրման համար, ժամանել են Ստեփանակերտ: Վաղվանից նրանք կանցնեն հումանիտար առաքելության շրջանակներում հանձնարարությունների իրագործմանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ստեփանաակերտ են ժամանել կինոլոգներ, պիրոտեխնիկներ և լեռնային փրկարարներ:

Միևնույն ժամանակ մասնագետների հետ միասին Ղարաբաղ է հասցվել 4 տոննա կահույք՝ որպես հումանիտար օգնություն: Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ-ի աշխատանքների ողջ ընթացքում տեղաբաշխվել է 65 տոննա օգնություն՝ մեծամասամբ շինանյութ: