Volkswagen-ը քաղաքական պատճառներից ելնելով՝ հրաժարվել է Թուրքիայում նոր գործարան բացելու պլաններից

Գերմանական Volkswagen ավտոմոբիլային հսկայի գլխավոր տնօրեն Հերբերտ Դիսը հայտարարել է, որ ընկերությունը քաղաքական պատճառներից ելնելով՝ հրաժարվել է Թուրքիայում նոր գործարան բացելու մտադրությունից, հաղորդում է Ahval-ը։

«Ես կողմ էի, որ այնտեղ գործարան բացվի, և մինչ օրս կողմ եմ։ Մենք կարող էինք նոր գործարան բացել Թուրքիայում և մեր ներդրումն ունենալ այնտեղ պայմանների բարելավման գործում»,- Դիսի խոսքը մեջբերում է գերմանական WirtschaftsWoche տնտեսական ամսագիրը:

Նա ամսագրին ասել է, որ Volkswagen-ի արտադրողական խորհուրդը դեմ է եղել Թուրքիայում գործարան բացելուն՝ այդ երկրում քաղաքական մթնոլորտի վերաբերյալ բաժնետերերի մտահոգության պատճառով։

Նա հավելել է, որ Եվրոպան չի կարող ռազմավարական առումով անտեսել Թուրքիային, սակայն գործադիր խորհուրդը չէր կարող առաջ գնալ առանց արտադրողական խորհրդի աջակցության:

«Թուրքիայի մասին իմ կարծիքը տարբերվում է ԵՄ-ի և Գերմանիայի կառավարության կարծիքից։ Մենք կարող էինք ինտեգրել Թուրքիային ԵՄ-ին և դրանով իսկ ուժեղացնել մեր իշխանությունն այդ երկրում», – հավելել է գլխավոր տնօրենը:

Հուլիսին Volkswagen Group-ը հայտարարել էր, որ հրաժարվում է Թուրքիայի Մանիսա նահանգում գործարան կառուցելու ծրագրերից: Ըստ տարածված հաղորդագրության՝ 1.2 միլիարդ դոլար ներդրումը չեղյալ հայտարարելու պատճառը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ցածր պահանջարկն էր։