ՌԴ ՊՆ-ը ներկայացրել է իրավիճակը Լաչինի միջանցքում

Լաչինի (Քաշաթաղ) շրջանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ավելի վաղ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողությանը հանձնելու մասին հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Դեկտեմբերի 1-ին, համաձայն ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի վավերացրած եռակողմ հայտարարության, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը»,- ասել է Կոնաշենկովը:

Սա երեք շրջաններից վերջինն է, որը հանձնվում է Ադրբեջանին:

«Լաչինի միջանցքի 5 կմ լայնությամբ հատվածը վերահսկում են ռուս խաղաղապահները: Այն ապահովում է Հայաստան- Լեռնային Ղարաբաղ կապը, արցախցիների անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր և քաղաքացիական տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- հավելել է Կոնաշենկովը: