Նիկոլի ժողովրդավարությունը` պոռնիկ, որը փորձում է կույս ձևանալ (մաս 3)

Սկիզբը` այստեղ 

Դավաճան Նիկոլը դեռ 2020թ. սեպտեմբերի 27-ին իմանալով, թե ինչ է ծրագրել և ինչ է ծրագրված, ինչպես և ինչ արդյունքներով է ավարտվելու պատերազմը, իր հանցավոր վարչախմբի հետ միասին հանրային դժգոհության ալիքը զսպելու, անհնազանդներին պատժելու իրենց իշխանությունը պահելու կամ ապահովագրելու նպատակով, «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ կետով արգելել են նաև ՀՀ-ում հավաքների կազմակերպումը, անցկացումը ու դրանց մասնակցությունը:

Ընդ որում, վերոնշյալ արգելքը սահմանել են ՀՀ Սահմանադրության, ՀՀ ստորագրած, վավերացրած համապատասխան միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև ՀՀ համապատասխան օրենքների կոպիտ խախտմամբ և պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ կամ չարաշահմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 309-րդ և 308-րդ հոդվածներ): Հարց չի՞ առաջանում, թե նրանց ինչն է ստիպել թեկուզ այդ գնով սահմանել խնդրո առարկա արգելքը…

Ինչպես տեղեկանում ենք մի խումբ քաղաքական գործիչների կողմից օրերս ՀՀ վարչական դատարան ներկայացված ու դատարանի կողմից վարույթ ընդունված դիմումից, հավաքների կազմակերպման, անցկացման ու դրանց մասնակցության արգելքի իրավաչափ չլինելը հիմնավորում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 4-րդ հոդվածին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 8-րդ հոդվածին հակասելու հանգամանքով։

«Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը»,- նշված է հիշյալ դիմումում:- Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով»։

Ինչպես «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը, այնպես էլ Սահմանադրությունը չեն բովանդակում սոսկ կառավարման հատուկ ռեժիմի հիմքով հավաքների ազատությունն «արգելելու» լիազորություն։

«Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածը սպառիչ սահմանում է հավաքներն արգելելու հիմքերը, մասնավորապես` հավաքն արգելվում է, եթե`

«1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.

3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը.

4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը»։

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-րդ մասով հստակ սահմանված է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Այսպիսով, «Հավաքների ազատության մասին» օրենքը հանրային իշխանության որևէ մարմնի ևս չի վերապահում սոսկ կառավարման հատուկ ռեժիմի հիմքով հավաքներն արգելելու լիազորություն, ըստ այդմ էլ՝ նշված իրավական նորմի շրջանցումը առաջացնում է հակասություն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 4-րդ հոդվածի հետ»։

Այսինքն` վարչական մարմինը (տվյալ դեպքում` ՀՀ կառավարությունը) հիշյալ օրենքով պարտավոր լինելով հետևել օրենքների պահպանմանը, հակառակը` ինքն է համապատասխան օրենքները խախտել, չունենալով օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով հավաքների կազմակերպումը, անցկացումը ու դրանց մասնակցությունն արգելելու լիազորություն, իր լիազորությունների սահմանազանցմամբ արգելել է:

Ըստ դատարան ներկայացված դիմումի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»։

Մինչդեռ, վիճարկվող իրավական ակտը կայացնելիս, ՀՀ կառավարությունը որպես վարչարարություն իրականացնող մարմին իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս, դիմումատուների փաստարկմամբ, չի առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, խախտել է համաչափության, կամայականության արգելքի սկզբունքը և անտեսել է օրենքով կանխորոշված նպատակները։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր»։

«Նախ, քննարկվող դեպքում, դատելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթների համակարգված վերլուծությունից, օրենսդրի նպատակը բնավ չի եղել ապրիորի քաղաքական իրավունքները և ազատություններն անվերապահ արգելելը, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պարագայում քաղաքական իրավունքների և ազատությունների արգելքը, ի տարբերություն այնպիսի տնտեսական իրավունքի, ինչպիսին է գործադուլը, չի կարող նպաստել պետության անվտանգությանն սպառնացող երույթների և գործոնների բացահայտմանը, այլ առավել խոցելի կդարձնի նույն այդ անվտանգությունը,- նշված է հիշյալ դիմումում:- Ավելին՝ որոշակիություն երաշխավորելու ասպեկտով նախապատվությունը տրվել է հենց «սահմանափակում» եզրույթին»։

Հավելվածի վիճարկվող դրույթն առհասարակ չի ուղեկցվել որևէ հիմնավորմամբ, որը թույլ կտար իրավաչափ համարել հավաքների ամբողջական, առհասարակ արգելումը, այն դիտարկել որպես պիտանի և անհրաժեշտ միջոց: Ընդ որում, քննարկման առարկա քաղաքական իրավունքը, դիմումատուների հավաստմամբ, գործնականում կոչված է ոչ թե թուլացնելու պետության ռազմական անվտանգության հիմքերը, այլ նպաստելու դրանց ամրապնդմանը, ժամանակին բացահայտելու և հրապարակայնացնելու վտանգավոր սպառնալիքները, իսկ սահմանափակումների հնարավոր, բայց ոչ պարտադիր կանոնը սոսկ հետապնդում է համաչափության սկզբունքին համահունչ այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն այդ իրավունքի անհարկի չարաշահումը՝ ի վնաս ռազմական դրության իրավական ռեժիմի։

«Տվյալ դեպքում, գործադիր իշխանության բարձրագույն մարմինը քաղաքական իրավունքը դիտարկել է իբրև անվերապահ սպառնալիք, ինչը բացարձակապես չի բխում հիմնական իրավունքների էությունից և նպատակներից,- նշված է ՀՀ վարչական դատարան ներկայացված հիշյալ դիմումում:- Ակնհայտ է, որ նշված քաղաքական իրավունքը հանրային իշխանության կողմից ամբողջովին արգելելը հետապնդել է հանրության կողմից որևէ, այդ թվում՝ միանգամայն արդարացի սոցիալ-֊քաղաքական դժգոհության հանրային դրսևորման իսպառ բացառում և գործընթացները սոսկ անարգել կեղծ տեղեկատվությամբ լուսաբանելու բացարձակ հնարավորություն։

Եզրակացություն՝ վիճարկվող իրավական ակտի 3-րդ գլխի 8-րդ կետը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 4-րդ հոդվածին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 8-րդ հոդվածին, քանի որ վարչական մարմինը չի հետևել օրենքների պահպանմանը, օժտված չի եղել խաղաղ հավաքների ազատությունն արգելելու լիազորությամբ, չի առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, անձանց իրավահավասարության, օրենսդրությամբ կանխորոշված նպատակներով ղեկավարվելու, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան