Չկրակված հրթիռներ 3. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը». Razminfo.am

Razm.info-ն ներկայացրել է, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

Նախորդ թիրախները.

Թիրախ №1․ Սանղաչալի տերմինալ

Թիրախ №2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ

ԹԻՐԱԽ №3. ԵՎԼԱԽԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

Եվլախ քաղաքն Ադրբեջանի հիմնական կոմունիկացիոն հանգույցն է։ Նախ՝ այստեղով է անցնում Ադրբեջանն աշխարհի հետ կապող երկաթուղին, քաղաքում կա երկաթուղային կայարան ու ռազմավարական նշանակության երկաթուղային կամուրջներ։ Բացի այդ Եվլախ քաղաքով են անցնում մի քանի միջպետական ճանապարհներ, որոնք իրար են կապում Ադրբեջանի արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև Ադրբեջանը Վրաստանի հետ, իսկ քաղաքի հյուսիսում ու հարավում կա ռազմավարական նշանակության երկու ավտոմոբիլային կամուրջ։

Եվլախը որպես կոմունիկացիոն խոշոր հանգույց կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի 3-րդ ու 1-ին բանակային կորպուսների մատակարարման հարցում։

Թիրախ №3. Եվլախի ենթակառուցվածքները

Քաղաքը ոչ միայն ցամաքային, այլև օդային կարևոր հանգույց է։ Եվլախի օդանավակայանը վերջին տարիներին վերանորոգվել էր ու սկսել էր ակտիվորեն կիրառվել ռազմական նպատակներով, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ։ Այստեղ տեղակայված էին բազմաթիվ ԱԹՍ-ներ․ Աերոսթար, Հերմես 450, Հերմես 900, Բայրաքթար, ավելի փոքր հետախուզական ԱԹՍ-ներ, ինչպես նաև ԱԹՍ-ի ձևափոխված Ան-2-ներ։ Այս օդանավակայանն առանցքային դեր ունի նաև ադրբեջանական ստորաբաժանումների օդով տեղաշարժերի կազմակերպման համար։

Ընդ որում՝ Եվլախի օդանավակայանը ԼՂՀ նախկին սահմաններից գտնվում էր ընդամենը 35կմ հեռավորության վրա, այսինքն՝ սկզբունքորեն այն հասանելի էր ոչ միայն Իսկանդերի, այլև Տոչկայի ու Սմերչի հրթիռների համար։