Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու կամ առնվազն կասկածելու պետական դավաճանության մեջ (մաս-4)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը և լինելով Արցախի Հանրապետության անվտանգությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետության ղեկավար, գլխավորելով նաև ՀՀ Անվտանգության խորհուրդը, Նիկոլ Փաշինյանը չի ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ` թշնամու կողմից Շուշիի գրավումը թույլ չտալու համար` իմանալով հանդերձ, որ Շուշին իր դիրքով ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար, և որ Շուշիի գրավումից հետո թշնամին շատ արագ կարող է հայտնվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մատույցներում ու գրավել այն, այսինքն` Շուշիի գրավումից հետո առաջանում է թշնամու կողմից կարճ ժամանակաընթացքում Ստեփանակերտի գրավման միանգամայն իրական վտանգ:

Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը թշնամու կողմից Շուշիի գրավումը թույլ չտալու համար չի ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ ոչ թե չկարողանալով, այլ չցանկանալով, հիմնավորվում է նաև 2020թ. նոյեմբերի 16-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորի հարցին նրա տված դեմագոգիկ պատասխանում , որին դեռ առանձին ու հանգամանորեն կանդրադառնամ, Շուշիի հանդեպ արտահայտած վերաբերմունքով. «Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին… Բա որ պետք էր, ընչի՞ էր էդ, էդ վիճակում»:

Իսկ ի՞նչ վիճակում էր Շուշին մինչև 2020թ. պատերազմը… Անձամբ եղել եմ Շուշիում ու կարող եմ վկայել ու պնդել, որ այն, մինչև պատերազմը, բնավ դժբախտ ու դժգույն քաղաք չէր, մաքուր էր, լուսավոր, գեղեցիկ, բարեշեն, զարգացող, այն դժբախտ քաղաք դարձավ միայն Նիկոլ Փաշինյանի և այլոց մեղքով թշնամուն հանձնվելուց հետո: Նախաքննության մարմինը պարտավոր է, ի թիվս այլ հարցերի, ՀՀ գերագույն գլխավոր ստախոս ու դեմագոգ, «կռուտիտների» մեջ հմտացած Նիկոլ Փաշինյանին հարցնել` իսկ ի՞նչ վիճակում էր Շուշին, ինչո՞վ էր Շուշիի վիճակը տարբերվում, ասենք, Գյումրիի, Վանաձորի կամ Աշտարակի վիճակից… Նիկոլ Փաշինյանը, քանի դեռ չի մեկուսացվել, նույն տրամաբանությամբ կարող է վաղն էլ, ասենք, Գյումրին հանձնել թշնամուն և, փորձելով արդարանալ, ասել` Գյումրին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Գյումրին, բա որ պետք էր, ընչի՞ էր էդ վիճակում:

Եթե Նիկոլ Փաշինյանի հանցավոր, դավաճանական անգործությունը հիմնավորվում թշնամու կողմից Շուշի գրավումը թույլ չտալու նպատակով անհրաժեշտ համապատասխան միջոցներ չձեռնարկելով, ապա այդ առումով նրա դավաճանական գործունեությունը հիմնավորվում է Շուշին հայկական կողմի հսկողության տակ պահելու և ռուսական խաղաղապահների միջոցով քաղաքի և այնտեղ բնակվողների անվտանգությունը երաշխավորելու Ռուսաստանի նախագահի` ժամանակին արված առաջարկությունից հրաժարվելով:

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ 2020թ. նոյեմբերի 17-ին պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Շուշիի հանձնման հարցը մինչև վերջին հակամարտությունը չի բարձրացվել, նրա խոսքով, այդ հարցը «ծագել է այս հակամարտության, այս ճգնաժամի ընթացքում» (հարցազրույցը հեռարձակվել է ուսական «Рпссия 24» և մի շարք այլ հեռուստաալիքներով):

«Հոկտեմբերի 19-20-ը ես մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել և՛ նախագահ Ալիևի, և՛ վարչապետ Փաշինյանի հետ, այնուհետև Ադրբեջանի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Ղարաբաղի հարավային մասի աննշան հատվածի վրա,- հայտնել է ՌԴ նախագահը:- Ընդհանրապես, ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաև՝ Շուշի քաղաք: Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը այնպես ձևակերպվեց, որ նրանց համար դա անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակիորեն ասաց, որ դրա մեջ սպառնալիք է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Հիմա ևս ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր լինելու այդ սպառնալիքը՝ նկատի ունենալով, որ ենթադրվում էր խաղաղ բնակիչների վերադարձ, միաժամանակ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ հատվածի վրա, ներառյալ՝ Շուշին, և հաշվի առնելով մեր խաղաղապահների ներկայությունը, ինչի վերաբերյալ մենք այն ժամանակ արդեն պայմանավորվել էին և Հայաստանի, և Ադրբեջանի հետ»:

Այս, ինչպես նաև իր այլ հայտարարություններով (Ղարաբաղը չճանաչելու փաստը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի և դրա ընկալման վրա, Ղարաբաղում պատերազմից կարելի էր խուսափել) ՌԴ նախագահը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեությունը:

Քաղաքական, այդ թվում նաև` Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունները չվտանգելու նկատառումներով չկարողանալով Փաշինյանի պետական դավաճանության մասին բացահայտորեն հայտարարել, Վլադիմիր Պուտինը նշված դավաճանությունը, ըստ էության, բացահայտել է փաստերով: Սակայն մյուս կողմից, որպեսզի բանակցային գործընթացի որոշ գաղտնիքներ ջրի երես հանող իր հայտարարությունները Փաշինյանին և այլոց ֆորմալ առումով հիմք չտան դրանք գնահատելու կամ համարելու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի դավաճանության բացահայտում, Պուտինը նկատի ունենալով Իլհամ Ալիևի հետ համաձայնեցված իր վերոնշյալ առաջարկից Փաշինյանի հրաժարվելը, ասել է նաև. «Խնդիրն այլ է՝ ճիշտ էր, թե սխալ, բայց այդ հարցում խոսք անգամ չէր կարող գնալ ինչ-որ դավաճանության մասին»:

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ՌԴ նախագահն ինչ հիմքով է Փաշինյանի հասցեին արված դավաճանության մասին հայտարարություններն անհիմն համարել: Ահա՛ այդ հիմքը. նկատի ունենալով Շուշիի առնչությամբ իր վերոնշյալ առաջարկությունից Փաշինյանի հրաժարվելը, նույն հարցազրույցում Վլադիմիր Պուտինն ասել է. «Ինձ վարչապետն այդ ժամանակ ասել էր. «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»:

Այո՛, եթե Փաշինյանն անկեղծորեն մտադիր էր պայքարել, պատերազմել Շուշիի համար, եթե ոչ միայն մտադիր էր, այլև իսկապես պայքարելու, պատերազմելու էր Շուշիի համար, և եթե Արցախի ու Հայաստանի հնարավորությունները դա թույլ էին տալիս, ապա նա ճիշտ է արել, որ հրաժարվել է թեկուզ հիշյալ պայմաններով Շուշի ադրբեջանցի գաղթականների վերադարձի առաջարկից, հետևաբար կարելի է համարել, որ նրա հասցեին արված դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են: Սակայն փաստերը վկայում են, որ նա անկեղծ չի եղել ու դրսևորելով հանցավոր, դավաճանական անգործություն, իրականում չի կատարել անհրաժեշտ համապատասխան քայլեր` Շուշիի պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու և պայքարելու համար, ինչը հիմնավորել եմ սույն հաղորդման ամենասկզբում:

Ավելի. ՌԴ նախագահը հայտարարելով, որ «Այդ պատճառով նրա հասցեին արված ինչ-որ դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են», տեղյակ չի եղել կամ ձևացրել է, թե անտեղյակ է հենց նույն օրը` նոյեմբերի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին  կամ դրանով բացահայտված փաստերին: Ահա այդ փաստերից երկուսը.

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:

Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

1.Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Մեկ անգամ ևս մեջբերեմ Պուտինի հայտարարությունը` Ղարաբաղում պատերազմից կարելի էր խուսափել: Փաշինյանի դավաճանական անգործությունն արտահայտվել է նաև` պատերազմից խուսափելուն նպատակաուղղված գործուն, արդյունավետ քայլեր չկատարելով, իսկ դավաճանական գործունեությունն արտահայտվել է նաև այնպիսի հայտարարություններ կատարելով , որոնք մեծացրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը և անխուսափելի կամ իրականություն դարձրել պատերազմը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հաջորդ բացահայտումը.

«Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Պետական դավաճանության մեջ Նիկոլ Փաշինյանի մեղքը հիմնավորող փաստն այսպիսով նաև հետևյալն է` պատերազմի դեռ 4-րդ օրը` հոկտեմբերի 1-ին, ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի զեկույցից  ու ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականից քաջատեղյակ լինելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ, Արցախի անվտանգությունը երաշխավորող ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ըստ ՌԴ նախագահի կատարած հիշյալ բացահայտման, հոկտեմբերի 19-20-ի ընթացքում հրաժարվել է Շուշիի և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկից և հայտարարել` «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»:

Վլադիմիր Պուտինի վերոնշյալ բացահայտումից ակնհայտ է դառնում, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն իր հիշյալ ուղերձում կամ Փաշինյանին պաշտպանելու նպատակով ստում է, թե «Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները…», կամ, ինչն ավելի հավանական է, այդ առումով դարձել է Նիկոլ Փաշինյանի ստի, նրա կողմից Պուտինի վերոնշյալ առաջարկությունն ու դրա մերժումն իրենից թաքցնելու զոհը:

Պետական դավաճանության մեջ Նիկոլ Փաշինյանի և այլոց մեղքը հիմնավորվում է նաև նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ- գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնարար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կատարած մի շարք բացահայտումներով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան