Սա դավաճանություն չէ, անգրագիտություն է և պատերազմի արվեստին, ղեկավարման համակարգին չտիրապետել է. Մովսես Հակոբյանը՝ պատերազմում պարտվելու մասին

Սա դավաճանություն չէ, անգրագիտություն է և պատերազմի արվեստին, ղեկավարման համակարգին չտիրապետել է: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նա նշեց, որ ովքեր կռվել են, տեսել են, թե խնդիրները որտեղ են: «Գրավոր փաստաթուղթ ունեմ՝ վարչապետի սեղանին դրված, որտեղ այս բոլոր խնդիրները կան` մուտքի և ելքի համարներով, որը ոչնչացման ենթակա չէ: Ես դրանք ներկայացրել եմ, երբ իմացել եմ, իսկ դա արել են ինձանից ծածուկ, որովհետև գիտեին, որ եթե ես իմանայի, դրա վրա ազդելու էի` իմ ունեցած հնարավորություններով, ես ռազմական կոլեգիայի անդամ եմ, ես դա բացահայտել եմ իմ ստուգումների արդյունքում»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ կար բարեփոխումների և սպառազինության ռազմական տեխնիկայի արդիականացման պլան`երկուսը զուգահեռ, որը կազմվել է 2018-2023 թթ․ համար իր՝ Գլխավոր շտաբի պետ եղած ժամանակ: Նա ասաց, որ այնուհետև նոր Գլխավոր շտաբի պետը և նոր պաշտպանության նախարարը փոփոխություններ են կատարել:

«Հիմա ես կանդրադառնամ մի փուլի, որը կոչվում է Զինված ուժերի կատարելագործման պլան, որի մեջ նաև ներառվում է Զինված ուժերի օպտիմալացում, «օպտիմալացում» բառն այստեղ կրճատում չէ: Այդ պլանը ենթարկվել է փոփոխության` հակառակ ուղղությամբ, այսինքն՝ մարտավարական օղակը կրճատվել է, և օպերատիվ օղակն ավելացել, ես փաստեր կբերեմ, որոնք անհերքելի են: Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության վարչական կառույցը համարյա կրկնապատկվել է` 95 տոկոսով ավելացել է: Հրամանը շատ վատ հրաման է` համար 0038, հույժ գաղտնի հրաման: Դրա փոխարեն կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտված գնդերով, կրճատվել է հինգ գունդ»,- ասաց նա և նշեց, որ դրանից բացի, Արցախի բոլոր պաշտպանական շրջաններում, որ պետք է ձևավորվեին, ևս մեկ գումարտակ կրճատվել էր:

«Ես մարգարե չեմ, և որևէ մեկը մարգարե չէ, որ կարողանա կռահել, որ հակառակորդը այ այսպես է հարձակվելու, բայց բոլոր դեպքերում հաշվարկները պետք է կատարես վատագույնի դեպքում»,-ասաց նա: