ՌԴ-ը շահագրգռված է ԼՂ-ում ԿԽՄԿ հետ փոխգործակցության հետագա ամրապնդմամբ. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ փոխգործակցության հետագա ամրապնդմամբ։ Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

«Այժմ մենք փոխգործակցության համար հավելյալ դաշտ ունենք։ Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը։ Մեկ շաբաթ առաջ ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ համատեղ հայտարարությունը։ Այնտեղ տեղակայվում է ռուս խաղաղապահ զորախումբը, և մենք գիտենք՝ որքան վաղուց ու ակտիվ է այդ տարածաշրջանում աշխատում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Մենք շահագրգռված ենք մեր փոխգործակցության ամրապնդմամբ, որն արդեն իսկ ակտիորեն զարգանում է»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հիշեցրել է, որ կան բազմաթիվ այլ տարածաշրջաններ, որտեղ Ռուսաստանն ու ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում են։

«Մեր շփումները կանոնավոր բնույթ են կրում, և միասին դեռ շատ անելիքներ ունենք, քանի որ, ցավոք, հումանիտար ճգնաժամերի, հակամարտությունների թիվն աշխարհում չի նվազում»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ իր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի։ Ինչպես նշել է Մաուրերը կազմակերպությունը շարունակելու է ուժեր գործադրել այդ ուղղությամբ։
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի գործունեությունում առաջնահերթությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տեղափոխության ու դիերի դուրսբերման հարցերում օգնության տրամադրմանը, ինչպես նաև գերիներին ացելելուն՝ հնարավոր բանակցություններին ու փոխանակմանը նախապատրաստվելու համար։