Գառնիկ Իսագուլյանը ՀԿԳ քննիչի ներկայությամբ ինքն իրեն հայտարարել է քաղբանտարկյալ, ինչն էլ արձանագրվել է. պաշտպան Ա. Ծառուկյան

«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին բերման են ենթարկել առավոտյան` Ազատության հրապարակից և ձերբակալել են միայն 23:10-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի առաջին մասով: Այս մասին LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին ԱԱԾ-ում ողջ օրը պահել են առանց հիմնավորման և միայն ուշ երեկոյան ներգրավվել որպես կասկածյալ վերոնշյալ հոդվածով, այն է՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Պաշտպան Ա. Ծառուկյանն ընդգծեց, որ այս պահին բողոքարկվում է Գ. Իսագուլյանի ձերբակալման արձանագրությունը, և հիմնվելով նախաքննության գաղտնիքի պահպանման անհրաժեշտության վրա՝ այլ մանրամասներ դեռևս չի կարող ներկայացնել. «Գառնիկ Իսագուլյանը ՀԿԳ քննիչի ներկայությամբ ինքն իրեն հայտարարել է քաղբանտարկյալ, ինչն էլ արձանագրվել է»,- հավելեց պաշտպանը: