Թուրք խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկվի․ Լավրով

Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

«Թուրքիայի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկվի։ Այս մասին հստակ ասված է «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ», – ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Թուրքիայից դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում գտնվող Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնով:

Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ը չի նկատում Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները տապալելու որևէ փորձ: ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոսկվան համոզված է, որ բոլոր կողմերը շահագրգռված են ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմամբ: